«Պարզապես ջուրը կապույտ է եղել, հա՞․ «Վեոլիա ջուր», բան ունե՞ք ասելու». Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդադարձավ վերջերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ արձանագրված էր ծորակից հոսող կապտավուն գույնի ջուրը: Քաղաքապետը հարց ուղղեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին. «Սոցիալական ցանցերում ինչ-որ բան կար, որ ջուրը բացում են՝ ինչ-որ կապույտ գույնի էր. դրանով ինչ-որ բան արե՞լ ենք»:
Հիշեցնենք, օրեր առաջ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում օգոստոսի 29-ի ուշ երեկոյան տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Վեոլիա ջուր ջան, որոշել եք ջրի փոխարեն զովացուցիչ ըմպելիքներ տա՞լ։ Էս ի՞նչ ա։ Անտիֆրի՞զ»:
168.am-ը «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանից հետաքրքրվել էր՝ այսպիսի բան հնարավո՞ր է, որ ծորակից կապտավուն ջուր հոսի, վերջինը պատասխանել էր. «Նման բան մեկ անգամ չէ, որ եղել է: Դա տեխնիկապես շատ պարզ է բացատրվում և հիմնականում կապ ունի լվացքի մեքենայի հետ: Այդ լվացքի մեքենաները երբ անսարք են լինում՝ այնտեղ մի հետադարձ փական կա, մի կողմից ջուրը ստանում է ջրագծից, մյուս կողմից՝ ուղղում դեպի կոյուղի, այդ փականը, որը դրվում է ջրագծի վրա, որպեսզի կեղտոտ ջուրը նորից չգնա ջրամատակարարման ցանց, երբեմն պատահում է, որ անսարք է լինում, տերն ուշադրություն չի դարձնում: Որպես կանոն, դա կապույտ գույնի ջուր է լինում՝ լվացքի ջուր:
Լվացքի մեքենայից նման բան լինում է: Այսինքն, եթե փականը լվացքի մեքենայի մեջ անսարք է, հնարավոր է, որ ջուրը նորից գնա այն ջրագծով, որով եկել է, այսինքն՝ ջրամատակարարման ցանց, և հարևանը բացի՝ տեսնի, որ կապույտ ջուր է գալիս: Այսինքն, այստեղ ոչ թե մեր մեղքն է, որովհետև պարզ է, չէ՞, որ ջրի որակի մասին չի խոսքը, այլ տեխնիկական խնդիր է…»:
Եվ այսօր ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչը քաղաքապետի հարցին պատասխանելով՝ ասաց, որ կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, նշված և շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, որևէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել:
«Պարզապես ջուրը կապույտ է եղել, հա՞: «Վեոլիա ջուր» , բան ունե՞ք ասելու»,- հարցրեց Հրաչյա Սարգսյանը:
«Վեոլիա ջուր» -ի ներկայացուցիչը ևս հայտնեց, որ կատարվել է նմուշառում, պարզվել է, որ համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին, իսկ նշված դեպքը հիմնականում կապված է եղել շենքի ներքին ցանցում, բնակչի մոտ սանիտարական սարքերի խափանման հետ, որն այս պահին կարգավորվել է: