Զլատան Իբրահիմովիչը պատրաստվում է գրավել Հոլիվուդը
Զլատան Իբրահիմովիչը, ով հոկտեմբերին դառնում է 41 տարեկան, դեռ խոստանում է բուժել վնասվածքը և շարունակել կարիերան, ինչը, ըստ շվեդի, ֆուտբոլը ոչնչացման է դատապարտելու։
Այնուամենայնիվ, տարիքը և առողջական աճող խնդիրները վկայում են այն մասին, որ «Միլանի» հարձակվողը շուտով հանրության առջև կհայտնվի նոր կարգավիճակով: «Չգիտեմ, թե ինչ կզգամ, երբ ավարտեմ կարիերաս, բայց անպայման պետք է անելիք գտնեմ, հակառակ դեպքում բարդ կլինի։ Ես շատ նման օրինակներ եմ տեսել և չեմ ուզում լինել դրանցից մեկը»:
Վաստակները և կապերը, անշուշտ, անգործ չէին թողնի «Միլանի» հարձակվողին: Այնուամենայնիվ, բացարձակապես անհնար է պատկերացնել Զլատանին որպես հեռուստատեսության ձանձրալի փորձագետ, սովորական ֆունկցիոներ կամ անհայտ ռեստորատոր՝ սա պարզապես չի համապատասխանում շվեդի անհատականության մասշտաբներին: Իբրան մեզ սովորեցրել է, որ ամեն ինչ պտտվում է իր շուրջ, և շուտով նա հանդես կգա նոր դերով։ 2023 թվականի փետրվարին Զլատանը մեծ դերասանական դեբյուտ կունենա «Աստերիքս և Օբելիքս. մետաքսի ճանապարհ» ֆիլմում։
Իբրան կցանկանար խաղալ Ռեմբոյի կամ Ջեյսոն Բորնի դերը, սակայն նա դեռ Կայ Անտիվիրուսի դերում կլինի։
Իբրան երկար ժամանակ մտածում էր կինոյում կարիերայի մասին. «Երկար տարիներ ես զգում էի, որ կարող եմ դերասան դառնալ, քանի որ տեսախցիկի առաջ ես ես եմ»:
Նրա հետաքրքրությունը շոու-բիզնեսի նկատմամբ հետագայում խթանվեց Լոս Անջելեսում ապրած մեկուկես տարվա ընթացքում, երբ նա խաղում էր MLS-ում LA Galaxy-ի համար:
Շվեդը ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդից»՝ գնելով «Լոս Անջելես Թայմս»-ի մի ամբողջ էջ մեկ վերտառությամբ՝ «Սիրելի Լոս Անջելես, բարի գալուստ»: Զլատանը նկարահանվել է գովազդներում, հյուրընկալվել է հայտնի թոք-շոուներին, չի մոռացել ագոլերը խփել և մի քանի անգամ հարցազրույցներից մեկում հայտարարել է իր ուժերը կինոյում փորձելու մտադրության մասին։ «Ինձ չի հետաքրքրում, թե ում դերը կխաղամ՝ լավ, թե վատ: Ես նման եմ քամելեոնի, կարող եմ հարմարվել ամեն ինչի: Ես առաջարկներ ունեմ կինոաշխարհից, բայց ինձ իսկապես արժանի բան է պետք, որպեսզի հայտնվեմ», – շվեդը բացահայտել է իր ծրագրերը դեռ 2018 թվականին։
Վերջապես հարմար առաջարկ հայտնվեց՝ 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Իբրահիմովիչը կմարմնավորի Կայ Անտիվիրուս անունով կերպարը հինգերորդ գեղարվեստական ֆիլմում՝ երկու Գալլացի ռազմիկների՝ Աստերիքսի և Օբելիքսի կատակերգական արկածների շարքից, որոնք շարունակական պայքարում են հռոմեացիների հետ։ Ֆիլմերը հիմնված են գրքերի և կոմիքսների հավաքածուների վրա, որոնք առաջին անգամ հրատարակվել են ֆրանսիացի գրող Ռենե Գոսկինիի և իտալացի նկարիչ Ալբերո Ուդերզոյի կողմից 1959 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նրանք գրել են ևս մոտ 30 հատոր, իսկ հետևորդները դեռ շարունակում են ստեղծել նորերը։
Աստերիքսը և նրա լավագույն ընկեր Օբելիքսը ապրում են գալլական պատերազմի ժամանակ, որը հռոմեացի զորավար Հուլիոս Կեսարը վարել է ավելի քան ութ տարի ժամանակակից Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի տարածքում՝ միացնելով Ատլանտյան օվկիանոսից մինչև Հռենոս դեպի Հռոմեական Հանրապետության տարածքը։ Համաձայն կոմիքսների՝ գյուղը, որտեղ ապրում են Աստերիքսն ու Օբելիքսը, միակ վայրն է ողջ Գալիայում, որը չի նվաճվել հռոմեական լեգեոնների կողմից։ Այս ամենը շնորհիվ այն գերհզորությունների, որոնք ձեռք են բերում նրա բնակիչները, երբ նրանք խմում են կախարդական ըմպելիք:
Աստերիքսի և Օբելիքսի մասին կոմիքսները թարգմանվել են 111 լեզուներով, վաճառվել են 385 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, և դրանց հեղինակները Ֆրանսիայից արտասահմանում ամենավաճառվող գրողներն են։
Շարքի նախորդ երկու ֆիլմերի՝ «Աստերիքսն օլիմպիական խաղերում» և «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» ֆիլմերի ոչ ամենատպավորիչ դրամարկղային արդյունքներից հետո, որոշվեց թարմացնել ժապավենի ստեղծման և ընտրության մոտեցումը։ Ժերար Դեպարդյեին, ով նախորդ բոլոր ֆիլմերում միշտ խաղում էր Օբելիքսի դերը, կփոխարինի Ժիլ Լելուշը։ Ավելացվեցին Վենսան Կասելը, Մարիոն Կոտիյարը և Պիեռ Ռիչարդը: Ռեժիսոր՝ Գիյոմ Կանեն է, ով կկատարի նաև Աստերիքսի դերը։
Ծրագրի բյուջեն կազմում է տպավորիչ $72 մլն։ Պրոդյուսեր Ալեն Աթալը այս թվերը վերագրում է գաղափարի հսկայականությանը. «Դա կլինի 2000 տարի առաջ նկարահանված կոստյումների ֆիլմ՝ մեզ պետք է գյուղ կառուցել, հսկայական մարտեր նկարահանել բազմաթիվ հավելումներով, կիրառել վիզուալ էֆեկտներ և, իհարկե, պրոֆիլային դերասաններ»: Ֆիլմի պարամետրերը, ակնհայտորեն, համապատասխանում էին Իբրահիմովիչի ախորժակներին։
Զլատանի կերպարը, ամենայն հավանականությամբ, քիչ եթերաժամանակ կունենա, բայց նա դեռ նոր է սկսում։
Չնայած սահմանափակ կերպարին, խարիզմային, բնական հմայքը, մարմնի կառավարումը և տեսքը օգնում են շվեդին կրկին ու կրկին գրավել հանրության հետաքրքրությունը
Ինչպիսին էլ լինի Իբրահիմովիչի կինոդեբյուտը, կասկած չկա, որ Զլատանը կրկին ամեն ինչ կտա հաջողության հասնելու համար. «Ինփ շատ հետաքրքիր է ինքս ինձ փորձել դերասանի մասնագիտության մեջ, այս գաղափարն ինձ ադրենալին է հաղորդում: Ես հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ: Ես չգիտեմ, թե որքան հեռու է սա հասնելու, բայց ես միշտ փորձում եմ առաջ գնալ: Ի՞նչ իմաստ ունի լինել սովորական, երբ կարող ես ավելի ուժեղ լինել»:
Սիրարփի Աղաբաբյան