«Ի՞նչ է նշանակում՝ փողի դիմաց հայրենիքի ծառայությունից ազատվել. միգուցե վաղն էլ փողի դիմաց հայրական պարտականությունների կատարումից ազատվի». Տիրան Խաչատրյան
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը շատ վատ է վերաբերվում շրջանառության մեջ դրված ՊՆ նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
«Գիտե՞ք՝ ինչ է ստացվում. Այն մարդը, ով երբևէ 24 մլն դրամ աշխատել է և հայրենիքի ծառայության դիմաց պետք է տա, դա չի անի: Այն մարդիկ են տալու, որ չգիտեմ՝ ինչ ձևով այդ փողը հայթայթել են: Այսինքն՝ դառնում է ի՞նչ՝ մարդիկ օդից ունեցած փողերով կարող են ազատվել, իսկ այն մարդիկ, ովքեր չունեն, չպիտի ազատվե՞ն: Ի՞նչ է նշանակում՝ փողի դիմաց հայրենիքի ծառայությունից ազատվել:
Հայրենիքին ամեն տեղ ամեն բնագավառում մարդ պետք է ծառայի, փողով ազատվելն ի՞նչ է: Միգուցե վաղն էլ փողի դիմաց ընտանիքի հայրական պարտականությունների կատարումի՞ց ազատվի, էն մյուս օրը՝ ընկերական պարտականություններից, էն մյուս օրն էլ՝ ուղղակի իր քաղաքացիական պարտքը տալուց ազատվի: Այսինքն՝ ամեն ինչ դառնալու է առուծախի առարկա՞»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը՝ քննարկումներ կան, որ նախկին կաշառքի պրակտիկային իշխանությունը պարզապես օրենքի ուժ է ցանկանում տալ, նա արձագանքեց. «Ենթադրենք, կար այդպիսի բան: Հիմա պատկերացրեք՝ ինչ-որ ստորաբաժանման հրամանատար, որի մոտ կա էդ հնարավորությունն ունեցող մարդ, չի՞ ասի՝ եղբայր, պետք է 24 մլն դրամ տաս՝ չծառայես, արի՝ 12 մլն տուր ինձ, ծառայության մի արի: Դա ավելի վատ չի լինի՞»: