«Պարոն Սիմոնյանն արձակուրդում է, մինչ այս պահը նման որոշում չկա, որովհետև հրավեր էլ չկա». ԱԺ նախագահի խոսնակը՝ սեպտեմբերի 2-ին Արցախ մեկնելու մասին
168.am-ն այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանից հետաքրքրվել էր, թե վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար հրավեր եղե՞լ է ՀՀ իշխանությանը, ինչին ի պատասխան՝ նա ասել էր.
«ԱԺ նախագահը նախապես հրավիրել է, և այդ մասին կարծեմ հրապարակվել է, որ հրավիրում է բոլորին սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը լինել Արցախում։ Բայց կա նաև այսպիսի բան, որ այդ ամենը հրավերով չպետք է լինի, յուրաքանչյուր մարդ պետք է ցանկություն ունենա այդ օրը լինելու Արցախում։
Ընդհանրապես այդպես միջոցառումների ցանկ չկա, կհավաքվենք Վերածննդի հրապարակում, այդպես է մտածված, և խորհրդանշական այդ օրը կնշենք»։
168.am–ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, արդյո՞ք ԱԺ նախագահը վաղը կգնա Արցախ և կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին։
«Կարծում եմ՝ ոչ, որովհետև պարոն Սիմոնյանը գտնվում է արձակուրդում, իր գրաֆիկը չեմ կարող ասել։ Գիտեմ, որ արձակուրդում է, և մինչ այս պահը նման որոշում չկա, որովհետև հրավեր էլ չկա»,- նշեց Ծովինար Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ երկու իշխանական փոխնախագահներին, Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նման որոշում որևէ մեկի կողմից չկա։
«ԱԺ մակարդակով դեռ նման բան չկա»,- եզրափակեց Ծովինար Խաչատրյանը։
Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին, մասնավորապես նշելով․ «Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»:
Ի դեպ, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո մինչև 44 օրյա պատերազմը ամեն տարի տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից աշխատանքային այցով պաշտոնական պատվիրակություններ մեկնել են: ՀՀ բոլոր նախագահները՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, վարչապետներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահներ, ՍԴ նախագահ: 2018 թվականին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն էր մեկնել Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 2019 թվականին՝ այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Արցախ երբևէ չի գնացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ 2021 թվականին Արցախի Անկախության 30-ամյակի առիթով Հայաստանից Ստեփանակերտ էր գնացել ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը: Այդ ժամանակ լրատվամիջոցներին Կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն արձակուրդում է։