Ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը
Երևանում ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։
Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։
1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Մոսկվայի տիկնիկային թատրոնում աշխատել է որպես հանդիսատեսի հետ աշխատելու գծով մանկավարժ, հետո՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնում՝ որպես ադմինիստրատոր։ 1993 թվականից՝ ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն։
1998 թվականից՝ «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ և «Internews Europe»-ի նախագահ։ 2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։
Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։ 2002 թվականից՝ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) փոխնախագահ։
Կազմից հեռացվել է 2007 թվականին։
2007 թվականից «Ինտերնյուս»-ի ռուսական բաժանմունքը դադարեցրեց իր աշխատանքը։ 2010 թվականին ՌԴ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 188 հոդվածի փոփոխման արդյունքում՝ «Մաքսանենգություն» քրեական գործը վերաորակավորվեց վարչականի։
168.am-ի աշխատակազմը ցավակցում է Մանանա Ասլամազյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։