«Ադրբեջանն ինչպե՞ս կարող է փոխհատուցում տալ Արցախի Հանրապետության քաղաքացիներին». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օգոստոսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է, թե ադրբեջանցիների և ԼՂ-ում բնակվող հայերի՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ, խաղաղ գոյակցության հնարավորությունը հնարավոր է։

«Ադրբեջանը Հայաստանի հետ հավերժ խաղաղության պատրաստակամություն հայտնեց, քանի որ երկու ճանապարհ կա՝ հավերժ խաղաղություն կամ հավերժական պատերազմ»,- ասել է Հաջիևը։

Նույն օրը՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարգավաճում (ADR) կուսակցության նախագահ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն  իր տված հարցազրույցում ասել էր, թե իբր Բերձորից տեղահանված հայ բնակիչներին Ադրբեջանի կառավարության կողմից տրվել է փոխհատուցում։

168.am-ն այս երկու հայտարարությունների վերաբերյալ խոսել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

Կարդացեք նաև

Դավիթ Բաբայանի խոսքով՝ երբ Հաջիևը  խոսում է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի, նա մասնակի է ճիշտ։

«Նախևառաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։

Հայերն ու ադրբեջանցիները կարող են կողք կողքի ապրել, բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է  Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող ապել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, նման պայմաններում հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը նույնն է, որ, օրինակ, Նացիստական Գերմանիայում ինքնավարություն տրամադրեն հրեաներին։

«Այո, նրանք հրեաներին ինքնավարություն տրամադրել են, համակենտրոնացման ճամբարում։ Գետտո ենք դառնալու, լավագույն դեպքում հետո ոչնչանալու ենք»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Գուբադ Իբադօղլուի հայտարարությանը՝ Բերձորից տեղահանվածներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, Դավիթ Բաբայանը հարցով կտրուկ պատասխան տվեց. «Ադրբեջանն ինչպե՞ս կարող է փոխհատուցում տալ բերձորցիներին՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին»։

Տեսանյութեր

Լրահոս