«Փաշինյանը՝ ադրբեջանական բանտում. սա եմ ամենաշատը ցանկանում նրան». Զոհված զինծառայողի մայր

Օգոստոսի 30-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կրկին հավաքվելու են Գլխավոր Դատախազության դիմաց՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելու, ի վերջո, կատարել իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

Ըստ ծնողների հայտարարության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի ձերբակալման համար հիմքերն են՝ պատերազմ հրահրելը, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալը, հազարավոր մարդկային զոհեր ունենալն ու միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Հայկ Մելիքյանի մայր՝ Նաիրա Մելիքյանը, կոչ արեց ոչ միայն զոհված զինծառայողների հարազատներին վաղը Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել, այլ նաև գերիների և անհետ կորածների հարազատներին, որովհետև, ակնհայտ է՝ պայմանավորված 44-օրյա պատերազմում իրենց երեխաներին զոհելու, գերի հանձնելու համար որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։

«Այսօր շատ մարդիկ մեզ ասում են, որ մենք մեր այս պահանջով նման ենք խելագարների, բայց ես նրանց ասել և շարունակում եմ պնդել՝ ծնողներս պարզապես այլ տարբերակ չունենք։ Մեր երեխաներին մորթել են, իսկ դրանից հետո արդարադատություն չի իրականացվել։ Մեզ մեր երեխաների կորստից հետո ավելի մեծ ցավ է պատճառում մեր երկրի տարածքների հանձնումը, ուստի միակ տարբերակը մեր երեխաների հիշատակի առաջ մնում է պայքարը»,- ասաց Մելիքյանը՝ հստակ ընդգծելով՝ հայրենիքի ամենօրյա ադրբեջանացումն ու այս արհավիրքը կանխելու հնարավորություն ունեն ուժային կառույցների ղեկավարները, մասնավորապես՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Կարդացեք նաև

«Նրան՝ Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, եթե ոչինչ չանեն, ես կհամարեմ հանցակիցներ։ Մենք նորից փորձում ենք հերթական անգամ շանս տալ Արթուր Դավթյանին՝ մաքրելու իր ճակատին դաջվելիք խարանը՝ դավաճանի խարանը։ Որևէ իշխանություն հավերժ չէ. սա շատ լավ հասկանում է՝ ինչպես Դավթյան Արթուրը, այնպես էլ՝ Արմեն Աբազյանը, նրանք հասկանում են, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, ուստի հիմա ունեն շանս կանխելու և կանգնեցնելու այս գահավիժումը»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։

Նրա փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների հարազատները շեշտադրում են այս վճռական փուլում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը, ինչի բացակայությունը բերելու է նրան, որ նրա երեխաներն իշխանափոխությունից հետո անգամ դպրոց չեն կարողանալու գնալ ու ազատվել դավաճանի խարանից։

«Ուստի կրկնում եմ,՝ պարոն Դավթյան, մենք Ձեզ տալիս ենք ևս մեկ շանս»,- ասաց Նաիրա Մելիքյանը՝ շեշտելով՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի, իրենք՝ զոհված զինծառայողների ծնողները, իրենց բողոքի գործողությունների օրակարգում են պահելու նաև գերիների և անհետ կորածների հարցը, որովհետև այս հարցում իշխանությունից հույս չունեն։

«Հիշո՞ւմ եք, թե Ալեն Սիմոնյան ինչ էր խոսում գերիների մասին. ես կուզենայի, որ Ալեն Սիմոնյանը մի քանի ժամով մտներ այդ գերիների ծնողների մաշկի մեջ և ունենար գերի երեխա՝ պատկերացնելու համար այդ ծնողների վիճակը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նրան կուզեի, որ մտներ իմ մաշկի մեջ՝ իմ վիճակը պատկերացնելու համար, թեև չունի մինուճար երեխա։ Չեմ ուզում ասել՝ զոհված զինվորների մայրերի տարոսը իրենց, բայց Փաշինյանին մի բան կցանկանայի. ամենաշատը կցանկանամ, որ Փաշինյանը տարիներով գտնվի ադրբեջանական բանտում»,- ասաց Մելիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս