Ազգային ժողով մեր վերադառնալը լինելու է մեր օրակարգով. Սեյրան Օհանյան
«Մեր պատգամավորները, «Դիմադրություն» շարժման ղեկավարությունը, Իշխան Սաղաթելյանը, և այսօր էլ ես հայտարարում եմ, որ մենք մեր մանդատները օգտագործել ենք այն ձևով, ինչով մեր գաղափարակիցները այդ մանդատը տվել են մեզ՝ այս իշխանություններին հեռացնելու: Որքան հնարավորություն եղել է՝ կարողացել ենք պայքարել: «Դիմադրություն» շարժման ժամանակ կարողացել ենք բարձրացնել հայի ոգին, կիսանստած հատվածից հայ ժողովրդի ոգին բարձրացել է, այսօր մեր ժողովրդի մոտ լայն տրամադրություն կա, որ ծնկի իջած չպետք է գնալ և թուրք-ադրբեջանական խաղաղության խաբկանքի մեջ մտնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է սեպտեմբերից ԱԺ վերադառնալուն, նա նշեց, որ դա լինելու է իրենց օրակարգով. «Անվտանգության խնդիրներ, արտաքին հարաբերությունների խնդիրներ, Արցախի խնդիրներ. Այն օրակարգը, որը քննարկենք և գանք համաձայնության, այդ օրակարգով էլ լինելու ենք ԱԺ-ում»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ անձամբ մասնակցելու է Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքին:
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական կտա, նա պատասխանեց. «Իրադարձությունների զարգացման ընթացքն ամեն ինչ ցույց կտա, և ես գտնում եմ, որ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը բավականին տրամաբանական, գրագետ, համակարգային, հիմնավորված բացատրություններով գործողություններ են: Ես չգիտեմ՝ Նիկոլը այսօր հրաժարական կտա՞, թե՞ ոչ, մեկ է, մի օր գնալու է և պատասխան է տալու Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում