Նիկոլ Փաշինյանն ընդունո՞ւմ է Էդգար Ղազարյանի հանդիպման առաջարկը

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը վաղը՝ օգոստոսի 23-ին, ժամը 17։00-ին, հրավիրել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նույն օրը նրա նախաձեռնությամբ և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» հրավերով նախատեսված է  Անկախության տարիներին ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորական կազմով նիստը:

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով․

«Օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով»։

Կարդացեք նաև

168.am-ն այսօր դիմեց  Վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին՝  նախ ճշտելու,  թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վաղը կառավարության շենքում լինելու է, ինչին նա  պատասխանեց․

«Այո, աշխատանքի է լինելու վարչապետը»։

Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն ընդունել Էդգար Ղազարյանին, վարչության պետը բանավոր հնչեցրած հարցին պատասխանելու փոխարեն՝ առաջարկեց  գրավոր հարցում ուղարկել։

Մեր դիտարկմանը, որ հնարավոր հանդիպումը վաղը պետք է լինի, ուստի գրավոր հարցում ուղարկելն այնքան էլ նպատակահարմար չէ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի պատասխանն արագ լինի»։

168.am-ը ժամը 15։10-ին հարցումն ուղարկել է, որտեղ մասնավորապես նշել ենք՝

«Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, որպեսզի վաղը՝ օգոստոսի 23-ին, հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։ Խնդրում ենք պատասխանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ընդունո՞ւմ է հանդիպման առաջարկը, թե՞ ոչ»։

Պատասխանը լինելուն պես՝ 168.am-ն այն կհրապարակի։

Տեսանյութեր

Լրահոս