Բաժիններ՝

«Փեթակում քննչական գործողություններ են ընթանում․ մտավախություններ կան․․․»․ ՔԿ-ն՝ «Փեթակը»-ը փակ պահելու մասին

Այսօր վաղ առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում անմիջապես առևտրի կենտրոնի մուտքի մոտ՝ պահանջելով բացել այն և թույլատրել տնտեսվարողներին անցնել բնականոն աշխատանքի։

«Փեթակ» առևտրի կենտրոնը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարևանությամբ գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, ինչի հետևանքով 16 քաղաքացի զոհվեց և 60-ից ավելի քաղաքացիներ տարբեր աստիճանի վիրավորում ստացան։

«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ հավաքված աշխատակիցները դժգոհում էին, որ համբերատար սպասել են՝ սգո օրերն էլ անցնեն, հետո իրենց ձայնը բարձրացնեն։

Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ զրուցել են ԱԻ փոխնախարարի հետ, ներկայացրել իրենց առաջարկը առևտրի կենտրոնում իրենց աշխատանքը վերսկսելու մասին, և ըստ աշխատակիցների՝  փոխնախարարը դեմ չի եղել, պարզապես ասել է՝ վերջնական թույլտվությունը պետք է քննչական մարմինները տան։

Կարդացեք նաև

168.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված «Փեթակ» առևտրի կենտրոնը փակ պահելու որոշումը, որտեղից մեզ պատասխանեցին։

«Հիմա քննչական գործողություններ են այնտեղ ընթանում, դրա համար առայժմ չեն թողնում, որ ներս մտնեն իրենք․․․ Այնտեղ գործողություններ կան, մտավախություններ կան․․․ Ի՞նչ կլինի, չի լինի, ես չեմ կարող ասել։ Երբ այնտեղ գործողություններն ավարտվեն՝ այդ մասին ինֆորմացիա կլինի»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ի՞նչ մտավախություններ, և դրանք ինչո՞վ են պայմանավորված։

Տեսանյութեր

Լրահոս