Կեղծ քարտեզներից զերծ մնալու համար պետք է ունենալ մեկ ազգային քարտեզագրական կայք, որն այս պահին մշակման փուլում է. քարտեզագիր

Հայաստանի հարևան թշնամի երկիրը հաճախ է քարտեզներում փոփոխություններ կատարում, որոնք անգամ հայտնվում են որոնողական համակարգում: Նման իրավիճակներից խուսափելու, կեղծիքը չեզոքացնելու համար որոշվել է քարտեզագրական կայք (ELMA.am) ստեղծել:

«Նախագիծը սկսվել է 2017 թվականի վերջից ու նպատակն էր՝ ունենալ Հայաստանի, Արցախի, հետագայում՝ նաև տարածաշրջանի ճիշտ քարտեզը: Թիմով քննարկել ենք, ենթադրվում է, որ հետագայում կլինի նաև պատմական քարտեզների շերտ, որը պետք է ներկայացնի ամբողջ ինֆորմացիան՝ էլեկտրոնային տարբերակով: Ե՛վ Հայաստանում է գտնվելու, և՛ հարյուր տոկոսով սեփականությունը պատկանելու է հային, այսինքն, այդտեղ արտասահմանցիների կողմից փոփոխություններ կատարելն անհնար է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ, քարտեզագիր Շահեն Շահինյանը:

Քարտեզագրի փոխանցմամբ՝ սա լինելու է ոչ պետական, առանձին, մասնագիտական մի պլատֆորմ: Ասել է թե՝ պետության հետ համագործակցությունը հասցվելու է նվազագույնի:

«Գաղափարի իրականացման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Նախագիծը ժամանակին դրսից ֆինանսավորում է ունեցել, դիմել ենք նաև պետական ֆինանսավորման համար, 27 պետական կառույցի հետ խոսել ենք, ասել են՝ շատ լավ է, սակայն, երբ եկել է գումար հատկացնելու պահը՝ ասել են, կներեք, չենք կարող»,- մանրամասնեց Շահեն Շահինյանը:

Կարդացեք նաև

Քարտեզագիրն ընդգծեց՝ որոնողական տարբեր հարթակներում ոչ ճշգրիտ քարտեզներն ի հայտ են գալիս մի շարք նպատակներով: Կարող են լինել քարոզչական, բնակչությանը անհարմարություն պատճառելու, խուճապ առաջացնելու նպատակով:

«Վերջերս Yandex քարտեզները հայտարարեց, որ այլևս երկրի սահմաններ չեն պատկերելու: Պատճառը ոչ թե խաղաղասիրությունն է, այլ պետական քարոզչությունը: Կան քարտեզագրական հարթակներ, որտեղ Արցախը պատկերված է՝ որպես վիճելի տարածք, և այլն: Այսինքն, տարբեր հարթակներում նպատակները տարբեր են: Եվ, որպեսզի խուճապի չմատնվենք ու զերծ մնանք կեղծ քարտեզներից, կարծում եմ, պետք է ունենալ մեկ ազգային քարտեզագրական կայք, որն այս պահին մշակման փուլում է: Նպատակն է՝ ներկայացնել իրական քարտեզները, դրանց իրավական հիմքերը»,- եզրափակեց Շահեն Շահինյանը:

Տեսանյութեր

Լրահոս