Օշականում վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով․ 41-այմա տղամարդը ձերբակալված է
Օգոստոսի 12-ին, ժամը 23.03-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանների և անոթների վնասումով բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 27-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել 41-ամյա համագյուղացին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին Երևան քաղաքի Ադոնցի փողոցում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: