Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:
Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:
«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել է: Դա գործընթացի նախաձեռնման կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի:
Մինչեւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում է Milliyet թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: