«Դրախտավայր հիշեցնող մեր հայրենիքը վերածել են դժոխքի: Գնացե՛ք, բոլորդ գնացե՛ք». Նաիրա Կարապետյան
Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ նրանց կառավարության ծրագրի մեկ ամբողջ գլուխ կոչվում էր «5. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ», բայց նրանք եկան դագաղներով ու սև ժապավեններով, բերեցին աղետ, մահեր, ավերվածություններ, համաճարագ, պատերազմ, լքվող և վառվող տներ, պղծված գերեզմաններ, փշրվող խաչքարեր, կորսյալ հայրենիք, մեր հողում տնավորված թշնամի զորքեր, մեր քաղաքներում ազատ զբոսնող թշնամիներ, խեղված արժեքհամակարգ, արտագաղթ…
Քաղաքացու ազատությունը խլեցին՝ դաժանորեն ծեծի ենթարկելով հանրահավաքների մասնակիցներին, ձեռբակալելով իրենց ազատ միտքը արտահայտողներին, հիվանդությունների և անգամ մահվան հասցնելով բանտերում:
Քաղաքացու արժանապատվությունը խլեցին՝ հնազանդվելով թշնամու քմհաճույքներին, անվերապահորեն կատարելով թշնամի պետության բոլոր ցանկությունները:
Քաղաքացու երջանկությունը խլեցին՝ չկա ընտանիք, որ չունենա ողբերգություն՝ պատերազմում զոհված հարազատ, անհետ կորած կամ գերեվարված որդի, քովիդից մահացած բարեկամ, հիմա էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում պայթյունով եկավ հերթական լացն ու մահը…
Դրախտավայր հիշեցնող մեր հայրենիքը վերածել են դժոխքի:
Գնացե՛ք, բոլորդ գնացե՛ք…
Տարեք այս մղձավանջը, գնացե՛ք…
Մենք ոտքի կկանգնեցնենք մեր երկիրը, մենք չենք կոտրվել, կամավորները վկա»: