Իրանն ուղարկել է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը. Al Jazeera
Իրանի իշխանությունները Եվրամիությանն (ԵՄ) են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման շուրջ առաջարկության պատասխանը: Օգոստոսի 15-ի երեկոյան այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի: Ուղերձի բովանդակությունը չեն հայտնում:
Միեւնույն ժամանակ ISNA գոծակալությունը պնդում է, որ իրանական կողմի պատասխանը հանձնվել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին է ներկայացրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման՝ իր նախագիծը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է Բրյուսելից պատասխանն ստանալ երկու օրվա ընթացքում: Երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել է, որ Թեհրանը եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխանը ԵՄ-ից միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին կտա տեղական ժամանակով մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով մինչեւ 23:30-ը):
Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից հայտնաբերված միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: