
«Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին. ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։