Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ին վերստին օգնություն է խոստացել միջուկազերծման փոխարեն
Հարավային Կորեան պատրաստ է զգալիորեն նպաստել ԿԺԴՀ-ի տնտեսության, էներգետիկայի, առեւտրի եւ գյուղատնտեսության զարգացմանը, եթե Փհենյանը ձեռնամուխ լինի իրական միջկազերծման: Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 77-ամյակի առթիվ արտասանած իր ճառում:
Նախագահն իր խոսքում վերստին շարադրել է Հյուսիսային Կորեայի տնտեսության բարելավման վերաբերյալ Սեուլի «համարձակ պլանի» մանրամասներն այն դեպքում, եթե նա քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Այս առաջարկությունը ԿԺԴՀ-ի հասցեին Յուն Սոկ Յոլն արել է դեռ մայիսին՝ իր պաշտոնակալման արարողության ժամանակ:
«Պայմանով, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային զենքի մշակումը եւ ձեռնամուխ կլինի իրական միջուկազերծման, ես առաջարկում եմ Հյուսիսային Կորեայի տնտեսության եւ նրա ժողովրդի կյանքի բարելավման վիթխարի պլան, որը կիրականացվեր դրա (միջուկազերման) փուլերին համապատասխան»,-հայտարարել է նախագահը, որի խոսքը հեռարձակվել է KTV կառավարական հեռուստաալիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: