«Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի՝ իրենց իրերը տեղափոխելու համար». Աղավնոյի գյուղապետ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ գյուղից որևէ բնակիչ դեռևս դուրս չի եկել, նրանք իրերն են հավաքում, սակայն դեռևս չեն գտել մատչելի գնով բեռնատարներ, ում դիմել են իրերը տեղափոխելու համար, աստղաբաշխական թվեր են ուզել։
«Մենք այս պահին խառը փուլում ենք, որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել։ Մարդիկ սպասում են, որպեսզի բեռնափոխադրող միջոց լինի՝ մատչելի գներով՝ իրենց իրերը տեղափոխելու համար։ Դեռևս հստակ որևէ բան չկա, մարդիկ, որոնք մոտ տեղ են գնում, Սյունիք, Գորիս, կարողանում են իրենց իրերը աստիճանաբար տեղափոխել։ Դժվարը Երևան տեղափոխվողների հարցն է, իսկ վաղը կամ մյուս օրը Արցախ տեղափոխվողների հարցը պետք է ևս մեկ անգամ քննարկենք, հասկանանք՝ կոնկրետ որտեղ են գնում և ինչպես»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Չաուշյանը։
Ըստ Աղավնոյի գյուղապետի, պետությունը բնակչությանը տրամադրում է պետական աջակցություն, որպեսզի կարողանան այդ հարցերը լուծել, սակայն բեռնափոխադրողների պահանջած գումարը եթե բնակիչը տա, ապա տեղափոխման հետ կապված մյուս հարցերը չի կարողանալու լուծել։
Ինչ վերաբերում է Աղավնոյում կապի միջոցներին և էլեկտրաէներգիային, Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունն իր ենթակառուցվածքների տերն ու պատասխանատուն է, այդ ենթակառուցվածքները նա չի կարող թողնել գյուղում ու հանձնել։
«Այսինքն՝ այստեղ պետք է բնակիչ լինի, որպեսզի պետությունը հանի իր էլեկտրաէներգիայի սյուները և այլ ենթակառուցվածքները։ Այսինքն՝ պետությունը չի գալիս այստեղ, որ մեր հոսանքն անջատի, այլ գալիս է ենթակառուցվածքները հանի, քանի դեռ բնակիչներ կան։ Գեներատոր են բերել, որպեսզի կարողանան բնակիչների դուրս գալուն զուգահեռ՝ բոլոր հարցերը լուծել»,- շեշտեց նա։
Նա ընդգծեց, որ այս կարճ ժամանակահատվածում բնակիչները չեն հասցնի լքել գյուղը և այս տարիների ընթացքում իրենց ստեղծածը դուրս հանել գյուղից։
Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ վերջին օրերին տարբեր մարդիկ զանգահարում են իրեն, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել։
«Ես ասում եմ՝ ունենք խնդիրներ, դուք համախմբվեք, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Նաև ասել եմ, որ կարող եք բնակիչներից յուրաքանչյուրի հոգսը մի քիչ թեթևացնել, նույնիսկ Երևանում ու այլ վայրում վարձով բնակարան փնտրելով։ Հիմա մեղվի փեթակի պես գյուղում բոլոր աշխատանքները կատարում ենք, բայց մարդ կա՝ ուզում է Երևան տեղափոխվել, բայց դեռ տուն չի գտել։
Բեռնատարաները, նայած բնակչի տեղափոխվելու հեռավորությանը, մեկից՝ 200, մյուսից՝ 300 կամ 350 հազար դրամ է ուզում, գինը կախված է նաև մեքենայի մակնիշից»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։