«Մեզ համար տարբերություն չկա՝ ո՞ր դատարանը կքննի գործը. այն ի սկզբանե որևէ հիմնավորում չի ունեցել». Տոնոյանի փաստաբանը՝ գործը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու մասին
Քննարկվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու հարցը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին ասաց, որ գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից հրամանագրեր են ստորագրվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ դատարանների դատավորներ նշանակելու մասին, և, որ դատարանն այդ դատավորների նշանակման պահի հետ է կապում գործերի վերաբաշխումը և ընդդատության որոշումը:
«Մեզ հայտնեցին՝ քանի որ գործը դեռ դատաքննության փուլ չի մտել, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին: Մյուս կողմից, քանի որ Դատական օրենսգրքով դատավորն իր իրավազորությունը սկսում է իրականացնել երդմնակալության արարողությունից հետո, որը դեռ չի կատարվել, դատավորները չեն երդվել, դա էլ հաջորդ խնդիրն է՝ դատարանը թեև առկա է, բայց չի գործում: Այսինքն, ստացվել է մի իրավիճակ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործն իր մոտ պահելու իրավասություն չունի, բայց չի կարողանում ուղարկել: Այդ հարցի քննարկման հետ կապված առանձին դատական նիստ պետք է նշանակվի՝ բոլոր կողմերի ներկայությամբ, որի ընթացքում քննարկվելու է ընդդատության հարցը, և, ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ հաշվի առնելով ներկայիս կարգավորումները»,- մանրամասնեց Տոնոյանի փաստաբանը:
Հարցին՝ արդյոք, այսպես ասած, գործի որակն այս տեղափոխման արդյունքում կփոխվի՞, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նշված են որոշակի հոդվածներ, որոնցով քննությունն իրականացնելու է Հակակոռուպցիոն դատարանը: Այսինքն, ոչ թե գործի ինչ-որ հոդված կամ որակ է փոխվում, այլ նույն գործը նույն բովանդակությամբ տեղափոխվում է այլ դատարանի վարույթ, քանի որ օրենքով նշված է՝ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքներն ընդդատյա են Հակակոռուպցիոն դատարանին: Կարգավորումներն արդեն կան, հստակ նշված են՝ ո՞ր հանցագործություններն են ընդդատյա Հակակոռուպցիոն դատարանին: Մեր գործը ևս ընդդատյա է այս դատարանին: Նույն պրոցեսն է գնալու, խնդիր չի լինելու հրթիռների փորձաքննությունների պահանջի հետ կապված: Ոչ մի տարբերություն, ըստ էության, դատարանի անվանումն է փոխվելու, նույն պրոցեսը պետք է գնա, այդ թվում՝ միջնորդություններով հանդես գալու մեր իրավունքն է պահպանվում»:
Փաստաբանն ասաց, որ գործի տեղափոխման հարցը քննարկել է իր պաշտպանյալի՝ Դավիթ Տոնոյանի հետ:
«Մեծ հաշվով, մեզ համար տարբերություն չկա՝ ո՞ր դատարանը կքննի գործը, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք՝ այս գործը որևէ հիմնավորում չունի: Տարբերությունը զուտ այն կլինի, որ գոնե նոր դատավոր կունենանք գործով, և այդ առումով հույս կա՝ առավել օբյեկտիվություն կդրսևորվի, երկրորդ՝ այս աստիճան ծանրաբեռնվածություն չի լինի, և ավելի հաճախ դատական նիստեր կնշանակվեն»,- շեշտեց պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը հրթիռների գործով մեղադրվում է խոշոր չափերի հափշտակություն /վատնում/ կատարելու համար։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն օգոստոսի 8-ին հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադառնալով օրենսդրական անկատարությանը՝ կապված հրթիռների պահպանման ժամկետի հետ, մասնավորապես նշել է.
«Ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:
«Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:
Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռքբերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը, և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում, վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․»:
Նշված հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը նաև հայտնում է, որ բացի դատարանում գտվող քրեական գործից, իր իրավունքների պաշտպանության համար մտադիր է նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել:
Մեզ հետ զրույցում Տոնոյանի փաստաբանը նշեց՝ որևէ նորություն այս մասով չկա, և շեշտեց՝ դա զուտ Դավիթ Տոնոյանի առաջարկն ու ցանկությունն է: