
ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը

Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենsիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ:
«Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից:
Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»,- նշել է Օսթրիանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով դեէսկալացնել իրադրությունն ու ուղիղ շփումներ սկսել՝ նվազեցնելու լարվածությունը:
«Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը: