«Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին ՀՀ իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է»․ Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

«Աղավնոյում իմ վերջին այցի ժամանակ փաստեր էինք հավաքել, որ ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաև խոշոր եղջերավոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Դրա պատճառով ջրում հայտնվում էին առնետներ, արձանագրվել էին ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել էին երեխաներ ու տարեցներ: Այս մասին նշել էին գյուղի բոլոր բնակիչները:

Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքո էին:

Երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մոտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա), ադրբեջանական զինված ուժերն կրակում էին: Մարդիկ հնարավորություն չունեին վաստակելու ընտանիքի եկամուտը:

Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

Բա ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար:

ՀՀ իշխանություններն իրենց համար ներքին քաղաքական անվտանգ ձևակերպում են սովորել` «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ»: Բայց հիմքում չեն դնում փաստեր, չեն կապում դա ցեղասպան քաղաքականության ու ինքնորոշման իրավունքի հետ, այլ օգտագործում են միայն այս ընդհանուր ձևակերպումը, այն էլ քաղաքական կոնտեքստներում ու գլխավորապես իրենց ներքին քաղաքական քարոզի համար: Բայց այս մոտեցումն Ադրբեջանի համար ոչ միայն մեծ խնդիրներ կամ, առհասարակ, խնդիրներ չի ստեղծում, այլ ավելի է ամրապնդում նրանց դիրքերը:

Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է:

Այս քայլը լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը, հատկապես այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից և սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, և պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները:

Առանց այն էլ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին անհնարինության է վերածել մարդկանց կյանքը:

Այսպիսի մանդատ Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներից չեն ստացել», – գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս