
Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության նոր խմբաքանակ

Հնդկաստանը շուտով Ուկրաինային կապահովի մարդասիրական օգնության նոր խմբաքանակով: Այս մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարն՝ ամփոփելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կայացած զրույցի արդյունքները:
«Բարձր գնահատեցի այսօրվա զրույցն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Քննարկեցինք վերջին իրադարձությունները հակամարտությունում եւ դրա շարունակվող գլոբալ հետեւանքները»,- գրել է Ջայշանքարն իր Twitter-ում:
«Հավաստիացրեցի, որ (Ուկրաինային) Հնդկաստանի հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը տեղ կհասնի շատ շուտով»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Նյու Դելին Կիեւին է մատակարարել մարդասիրական օգնություն՝ ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից. ընդհանուր ծավալով շուրջ 230 տոննա:
Հնդկաստանը չեզոք դիրք է բռնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին սերտ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ տնտեսության, անվտանգության, կրթության եւ քաղաքականության ոլորտներում, ուստի չեզոք դիրքորոշում ունի եւ հաշտության ու երկխոսության կոչ է անում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: