Բաժիններ՝

Լավ օրից չէ, որ ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. տնտեսագետ

Կենտրոնական բանկն օրեր առաջ հերթական անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 9,5 %։ Շուրջ երկու տարի է՝ Կենտրոնական բանկը վարում է տոկոսադրույքի բարձրացման քաղաքականություն՝ այն 4,25 %-ից հասցնելով 9,5 %-ի:

«Լավ օրից չէ, որ ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ հիմնական գործառույթը գնաճի կառավարումն է»,- ԿԲ քաղաքականությանն անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա հիշեցրեց ԿԲ-ի՝ գնաճը նախապես սահմանված թիրախում պահպանելու օրենքով սահմանված պարտավորություն մասին՝ նկատելով․ «Հունվար-հունիս ամիսներին գնաճի ցուցանիշը փաստացի գրեթե երկու անգամ բարձր է թիրախից: Գնաճի գործոնները պահպանվում են, և այսպես շարունակվելու պարագայում՝ ԿԲ-ն այս տարի ևս չի կարողանալու թիրախն ապահովել (իսկ օրենքի պահանջն է, որ առնվազն երեք տարում ԿԲ-ն պետք է վերադառնա 4 ± 1, 5 % գնաճի միջավայր)»:

Տնտեսագետը հավելեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից առևտրային բանկերի դրամի տեղաբաշխման տոկոսադրույքն է, իսկ դրա բարձրացումը նշանակում է, որ դրամով արտահայտված պարտքով փողը, վարկի տոկոսադրույքն է բարձրանում: Ասել է թե՝ այս գործիքի կիրառումը հանգեցնում է բանկերի ծառայությունների գների, վարկերի ու ավանդների տոկոսների բարձրացման:

Կարդացեք նաև

«Սա՝ այն դեպքում, երբ իրականում մեր տնտեսության մեջ պարտքով փողի, փոխատվական կապիտալի ավելի մեծ պահանջարկ կա»,- շեշտեց նա:

Թադևոս Ավետիսյանը նկատեց նաև, որ գնաճը մեղմելու նպատակով գլխավոր դրամատունը վարում է դրամի արժևորման քաղաքականություն, որը, ինչպես տոկոսադրույքի բարձրացումը, ապախթանում է տնտեսությունը, ավելացնում ռիսկերը:

«Կառավարությունը, փաստորեն, ԿԲ-ին հնարավորություն չի տալիս, որպեսզի թուլացնի տնտեսական ապախթանման գործադրումները, որովհետև չի իրականացնում գնաճի սոցիալական ազդեցությունները մեղմելու ծրագրեր:

Մեր երկրում չի բարձրանում կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ, աղքատության նպաստ, և այսպիսի իրավիճակում գնաճի հետևանքները դառնում են ավելի ազդեցիկ»,- եզրափակեց տնտեսագետը:

Տեսանյութեր

Լրահոս