ԱԱԾ-ն՝ Մասիս և Սյունե Աբրահամյանների ՀՀ մուտքի արգելքի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկություն չի տրամադրում, թե ի՞նչ հիմքով է արգելվել Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան:

168.am-ի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ ԱԱԾ-ից հղում են տվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջին, որով տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն նմանատիպ պարզաբանումներ էր փոխանցել նաև Մուրադ Փափազյանի մուտքն արգելող որոշման վերաբերյալ լրագրողների հարցադրումներին ի պատասխան, իսկ օրեր անց հիշյալ օրենքի ենթակետը որոշել էր «շրջանցել»  վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով մուտքի արգելքի իրենց հիմնավորումը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված էր կառավարության պարզաբանման մեջ:

Կարդացեք նաև

Թերևս այս անգամ էլ ականատես կլինենք սցենարին, երբ պատասխան- պարզաբանումները հնչում են ոչ թե ԱԱԾ-ից, այլ ուղղակի Կառավարությունից:

ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ հիմքով են ընտրվում Հայաստան այցելողները, ինչպե՞ս է ստացվում, որ մի պարագայում՝ արգելվում է թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարած սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան, իսկ, օրինակ, ըստ համացանցում տարածված տեսանյութերի՝ Հայաստան կարողանում է հանգիստ մուտք գործել  թուրք, «Գորշ գայլեր»  ծայրահեղական խմբավորման անդամը, որը ոռնում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ազատ շրջում է Երևանում:

Այս հարցմանն ի պատասխան էլ՝ Ազգային անվտանգության ծառայությունը հղում էր տվել ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված» հիմքերին: Ասել է թե՝ սրանով թույլ տալով ենթադրել, որ այդ հիմքերը չեն վերաբերում թուրք ծայրահեղ ազգայնականներին:

Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի, Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքը Հայաստան  որքանո՞վ է կապված Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Սփյուռքում ունեցած հանդիպումների, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների հետ ունեցած առերեսումների հետ՝ մեր երրորդ հարցմանն ի պատասխան էլ՝ ԱԱԾ-ից հայտնել էին, որ այդ առնչությամբ ծառայությունում տեղեկություններ առկա չեն:

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի  Հայաստան մուտքն էր արգելվել։

«Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ»,- մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Փափազյանը:

Հուլիսի 31-ին տեղեկացրել ենք, որ արգելվել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, իսկ օգոստոսի 1-ի  առավոտյան՝ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը։

Տեսանյութեր

Լրահոս