Հայկ Խանումյանը հայտնվել է անհարմար իրավիճակում

168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

Այս իրադարձությունների համատեքստում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր Հայկ Խանումյանին հիշեցրել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նրա ֆեյսբուքյան հրապարակումներից մեկը, որով Խանումյանը  «տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին» արտահայտվողներին հորդորում է «գլխներից հանել տարածք զիջելը»:

«Կրկին հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են խոսել տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին: Խնդիրն այն է, որ տարածք զիջելով ոչ մի խնդիր էլ չի լուծվում, տարածք զիջելն ընդամենը թուլացնում է Արցախի դիրքերը և ֆիզիկական ոչնչացման առջև կանգնեցնում Արցախի բնակիչներին: Այնպես որ, գլխներիցդ հանեք որևէ տարածք զիջելը, տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկելը հավասարազոր է Արցախը հայաթափելուն: Խնդրի լուծումը միայն նոր տարածքներ վերցնելն է: Միայն այդ կերպ է հնարավոր Ադրբեջանին պարտադրել հարցի լուծում: Հակառակ դեպքում կորուստներն անհամեմատ ավելի շատ են լինելու»,- 2016 թ. իր օգտահաշվում գրել էր Խանումյանը:

Կարդացեք նաև

Իր գրառման մասին հերթական հիշեցումներից մեկի մեկնաբանություններում Հայկ Խանումյանը երեկ պատասխանել է՝ գրելով․

«Իսկ որտե՞ղ է ասվում, որ իմ համոզմունքներում ինչ-որ բան փոխվել է։ Բերձորն ու Աղավնոն Արցախի իրավազորությունից դուրս են 2020 թ. դեկտեմբերից, գտնվում են ՌԴ ԶՈՒ իրավազորության ներքո։ Օգոստոսի 25-ից ՌԴ զորքերը հեռանալու են այս բնակավայրերից։ Ի՞նչ անենք, բնակչությանը չկազմակերպենք, չտարհանե՞նք։ Թե թողնենք թշնամին մեր բնակիչներին ստորացնի, ինչպես ասենք 2020թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ չէինք հասցրել որոշ բնակավայրերի տեղահանությունը կազմակերպել»:

Նախարար Խանումյանի պարզաբանումը դուր չի եկել բազմաթիվ օգտատերերի, որոնք հեգնել են նրա գրառումը:

Ի պատասխան՝ Հայկ Խանումյանը նկատել է. «Ուրախ եմ, որ ֆեյսբուքում բազմաթիվ քաջեր կան։ Ուղղակի իմանաք, որ Արցախում բազմաթիվ մարդիկ կան, այդ թվում պաշտոնյաներ, որոնց երեխաները խաղում են թշնամու դիրքից հրաձգային հեռավորության վրա։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք ամեն օր աշխատում են երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, ստանձնում են պատասխանատվություն և չեն վախենում ֆեյսբուքյան արդարադատությունից»։

Ի դեպ, թեմայից անմասն չի մնացել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ արձագանքելով. «Ներեցեք, Հայկ Խանումյանը մեղավո՞ր ա, որ 2020 թվականի պատերազմը պարտվեցինք»:

Ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանը Արցախում մշտապես աչքի է ընկել ընդդիմադիր գործունեությամբ:

2020 թվականին նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Տեսանյութեր

Լրահոս