Արցախյան սրում Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ․ ի՞նչ է սպասվում այսօր Սոչիում

Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ կարծես վերաձևավորեց օգոստոսի 5-ին Սոչիում սպասվող ռուս-թուրքական բարձրաստիճան բանակցությունների օրակարգը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակը դարձնելով այդ օրակարգի կենտրոնական թեմա:

Նախօրեին Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեցին աննախադեպ ռազմական ագրեսիային:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: «Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»,- պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ ասել էր Պեսկովը:

Նա նաև չէր բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:

Դմիտրի Պեսկովը նաև անդրադարձել է ՀՀ կառավարության նախօրեի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր Արցախում ռուսական պատասխանատվության գոտուն և խաղաղապահների գործունեությանը: Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ: «Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարևորը՝ կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:

Բացի Պեսկովից, նախօրեին իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը՝ խիստ մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ:

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով, ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ:

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սպասվող ռուս-թուրքական բանակցություններն ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը:

Ըստ ՌԴ պաշտոնական Կրեմլին կայքի, ընդգծվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների բոլոր նորմերի կատարման հրամայականը:

Հարկ է նաև ընդգծել, որ ռուսական կողմն այս ծավալով իրավիճակին անդրադարձավ այն բանից հետո, երբ եղան ԵՄ, ՆԱՏՕ, ԱՄՆ բարձրաստիճան արձագանքներն այս թեմայով:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, այդ սրումը պատահական չէր ժամանակային առումով և կապ ուներ Սոչիում այսօր տեղի ունենալիք բանակցությունների հետ։

Մալաշենկոյի կարծիքով, էսկալացիայով ակնհայտորեն բանակցային ակտիվ օրակարգում հայտնվեց ԼՂ հարցը Թուրքիայի և Ադրբեջանի հրահրմամբ։

Բայց, նրա խոսքով, նաև ակնհայտ է, որ Ռուսաստանին այս պահին պետք չեն խնդիրներ ո՛չ Թուրքիայի և Ադրբեջանի, ո՛չ էլ՝ Հայաստանի հետ, առավել ևս հարկավոր չէ ռազմական էսկալացիա Լեռնային Ղարաբաղում։

«Ռուսաստանի դիրքերը սրանք են, ակնհայտորեն կա ՌԴ-ից ակնկալիք դիրքերի զիջման, որոնք ՌԴ-ն ամենայն հավանականությամբ չի անի։ Ընդհանրապես ռուս-թուրքական բանակցային բոլոր փուլերից առաջ այն գոտիներում, որոնց վերաբերյալ նրանք պետք է բանակցեն կամ ակնկալիքներ ունեն, «տաքացվում» են հիմնական թուրքական կողմից լավ բանակցային դիրքերի համար։ Վերջին բոլոր նմանատիպ դրվագները տեղի էին ունենում Սիրիայում, այս անգամ՝ կարծես ԼՂ-ում։

Մի քանի տարբերակ կա այն բանի, թե ինչ են ցանկանում բանակցել կամ կորզել Ռուսաստանից, բայց ՌԴ-ն ելնում է նրանից, որ այդտեղ իրեն պետք են Հայաստանը, Ադրբեջանը, ԼՂ-ում իր ներկայությունը, ինչպես նաև Թուրքիան, որի հետ կա լուրջ մրցակցություն ու համագործակցություն։ Ուստի այսօր սպասվող բանակցությունները թեմատիկ առումով մի փոքր այլ են լինելու, քանի որ ներառելու են կենտրոնական կերպով նաև ԼՂ-ում իրավիճակի թեման, և թուրքական կողմը փորձելու է ինչ որ բանի հասնել։ Թե կոնկրետ տեղում ինչ տեղի կունենա, ինչ որոշումներ կկայացվեն՝ բարդ է ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ-ն պետք է փորձի անել այնպես, որ իր համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն, բայց ճնշումը մեծանում է։

«Բայց բացի Ղարաբաղից, քննարկվելիք հարցերի շարքը լայն է, մի քանի ռեգիոններ ու առանձին հարցեր՝ Ուկրաինա, Սիրիա, ԼՂ, և այս հարթություններում Թուրքիան իր բանակցությունների համար հավելյալ հնարավորություններ է ստեղծում, ինչպես միշտ՝ մի տեղում զիջում է, մյուսում՝ ստանում և աշխատում է ձեռնունայն չավարտել բանակցությունները։ Սա ՌԴ-ում վաղուց են հասկացել, բայց շարունակում են հարաբերությունների այս տարբերակը, որը ռուս-թուրքական մրցակցությունը մեղմելու, փոխզսպելու միակ արդյունավետ մեխանիզմն է այսօր»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս