Փաշինյանը մեկ անգամ ևս երկիրը տանում է կործանման. իրավունք չունի պաշտոնավարելու. Տաթևիկ Հայրապետյան
Այսօր կեսօրից հետո Արցախի Պաշտպանության բանակը տարածեց հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում կան վիրավորներ և զոհ։
Ըստ հայտարարության՝ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը զորք է դուրս հանելու Արցախից, և դա այն դեպքում, երբ ՀՀ-ից Արցախ զորք 2020 թվականի պատերազմից հետո չի էլ գնացել, սակայն այդ պաշտոնյայի հայտարարությունը հիմք տվեց Ադրբեջանին իրականացնելու, իր ձևակերպմամբ՝ «հակաահաբեկչական գործողություններ»։
«Ես հույս ունեի, որ գոնե ՀՀ արտգործնախարարությունը կանխարգելիչ քայլեր կձեռնարկեր. Օրինակ, կդիմեր միջնորդներին և այլ խաղացողներին՝ թույլ չտալով բանակցությունների իմիտացիա և լարում, սակայն դա չի արել, ինչը կարող էր Ադրբեջանի համար զսպիչ գործոն դառնալ՝ իր նպատակներին հասնելու համար։
Արդյունքում ստացվում է՝ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականության արդյունքում հայկական կողմի կորուստները միայն ու միայն ավելանում են։ Որքան ՀՀ իշխանությունը զիջում է, Ադրբեջանի համար ավելի հեշտ է դառնում հաղթանակ տանելը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում»,- ասաց Հայրապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը հիմա ռազմական գործողությունների գնալով՝ նպատակ ունի ստիպել Հայաստանին կնքել խաղաղության պայմանագիր՝ փակելով Արցախի հարցն առհավետ, ինչի արդյունքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ևս կախված կլինի արդեն Ադրբեջանից։
Ըստ Հայրապետյանի՝ Արցախում իր այս նպատակին հասնելուց հետո Ադրբեջանը շարունակելու է ռազմական ճնշումները՝ արդեն Սյունիքի ուղղությամբ։
«Ադրբեջանցիները ասում են, որ ամբողջությամբ պետք է ազատվի Բերձորը, և պահանջում են Լաչինով միջանցքի լիակատար վերահսկողություն։ Ադրբեջանը ցանկանում է նման վերահսկողություն նաև Սյունիքով՝ ճանապարհին, որպեսզի այդ հարցով որևէ մեկից կախվածության մեջ չլինի, ինչը նաև Թուրքիայի նպատակն է»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ ադրբեջանցիները կարող են դիմել, իրենց բնորոշմամբ, «հակաահաբեկչական գործողությունների», եթե Բերձորի և Աղավնոյի բնակիչները հրաժարվեն հեռանալ իրենց բնակավայրերից։
«Ադրբեջանական պետական քարոզչամեքենան հստակ ասում է՝ գնալու են հակաահաբեկչական գործողությունների»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով՝ փոխարենը հայկական կողմն ամեն անգամ գնում է բանակցությունների՝ վերադառնալով վատթարագույն արդյունքներով, հետևաբար, կկրկնեմ այն, ինչը ասել եմ Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։
«Այն թիմը, որը երկիրը տարել է պարտության, իրավունք չունի պաշտոնավարելու։ Իրենք հիմա ֆետիշացնում են պարտությունը, քանի որ անկարող են ու ձախողված. այս թիմը միայն հայտարարություններ է կարողանում անել՝ գետնի վրա ձախողելով ամեն ինչ, ուստի սկսել են փնովել հաղթանակն ու պայքարը և գովերգել հանձնվելը, բայց եթե ոմանք մտածում են, որ կարող են ադրբեջանցիների հետ հանգիստ ապրել, առաջարկում եմ գնալ Ադրբեջան ու հանգիստ ապրել. թող գնան, ապրեն, ո՞վ է խանգարում իրենց»,- ասաց Հայրապետյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին.
«Լա՛վ, եթե ձախողել ես, ինչո՞ւ ես ևս մեկ անգամ երկիրը տանում ձախողման, լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք՝ Փաշինյանը երկիրը տանում է կործանման»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում