Բաժիններ՝

Վանական վարդապետը և խորանաշատի վարդապետարանը

Խորանաշատի բարձր տիպի դպրոց-վարդապետարանը միջնադարյան Հայաստանի նշանավոր գիտական, մշակութային ու հոգևոր կենտրոններից էր, իսկ նրա ուսուցչապետ Վանական վարդապետ Տավուշեցին՝ ժամանակի հեղինակավոր աստվածաբաններից ու գիտնական վարդապետներից մեկը:

Վանական վարդապետը ծնվել է 1181 թ. Տավուշ գավառում: Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Գետիկում՝ ավագ եղբոր՝ Պողոս քահանայի մոտ, քսան տարեկանում ձեռնադրվել է քահանա, ապա աշակերտել մեծանուն գիտնական Մխիթար Գոշին և 1207 թ. նրանից ստացել վարդապետական գավազան: Վանականը Նոր Գետիկից 1208 թ., «կատարյալ գիտնական» դարձած, վերադառնում է ծննդավայր և 1211-1222 թթ. ընթացքում Գարդմանի թիկունքին՝ Երգեվանք բերդի դիմաց, իշխան Վահ-րամ Բ Գագեցու հովանավորությամբ կառուցում է մի վանք, որը բազմաթիվ խորաններ ունենալու պատճառով կոչվում է «Խորանաշատ»: Խորանաշատը դառնում է Վահրամյանների հոգևոր-մշակութային կենտրոնը, որտեղ էլ Վանականը հիմնում է վարդապետարան, իսկ ինքը դառնում է առաջին ուսուցիչը: Վանական վարդապետը վախճանվում է 1251 թվականի Արեգ ամսի տասին (մարտի 18), շաբաթ օրը և իր կտակի համաձայն՝ թաղվում աղքատների գերեզմանոցում:

Վանականի դպրոցը ուներ պատմագիտական թեքում: Այստեղ են կրթություն ստացել Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Արտազ գավառի թեմակալ Հովսեփ եպիսկոպոսը, Ստեփանոս Աղթամարցին, Իսրայել եպիսկոպոս Խաչենցին, Առաքել, Մարկոս և Սոսթենես վարդապետները: Գրիչներն էլ իրենց օրինակած ձեռագրերի հիշատակարաններում հաճախ գրչության վայրը նշում էին Վանականի անունով՝ «ի վանս վարդապետի Վանականի», և ամենից առաջ հիշում, որ իրենք ուսում են ստացել Վանականի դպրոցում, նրա ձեռքի տակ:

Վանականը ակտիվորեն մասնակցում էր նաև ժամանակի դավանաբանական վեճերին: XIII դարի կեսին սկիզբ առած հռոմեաբյուզանդական դավանաբանական մի վեճի առիթով նա գրում է «Խրատ դաւանութեան» ճառը, իսկ 1250 թ. Վերին Խաչենի Ծար գավառում սկիզբ առած Դավիթ Ծարեցու գլխավորած աղանդավորական շարժման առիթով գրում է «Գիր սաստից և մեղադրանաց» վերնագրով թուղթը:

Խորանաշատի վարդապետարանում Վանական վարդապետի հոգևոր-մանկավարժական գործունեության բաղադրիչ մաս են կազմել գրչության արվեստի ուսուցումը, տեղում ձեռագիր մատյանների ընդօրինակումները և մատենադարանի հիմնադրումը: Մեզ հասել է տասը ձեռագիր մատյան: Խորանաշատում են գրվել և որպես դասագրքեր օգտագործվել նաև Վանականի երկերը: Վանականի հանձնարարությամբ աշակերտները կազմում և խմբագրում էին նաև ծիսական ժողովածուներ, հատկապես «Հայսմավուրք»-ներ և «Տոնապատճառ»-ներ: Հայսմավուրքային ժողովածուները խմբագրում էին Իսրայել Խաչենցին և Կիրակոս Գանձակեցին, որոնց վերագրվում է «Հայսմավուրք»-ի՝ իրարից տարբեր երկու՝ Իսրայելյան և Կիրակոսյան խմբագրությունները: Իսկ «Տոնապատճառ»-ների խմբագրումն ու վերակազմումը իրականացնում էր Վարդան Արևելցին:

Վանականի մահից հետո Խորանաշատի գործունեության հետագա ընթացքն անցնում է նրա բարեկամներին. վանքի առաջնորդ է դառնում Վանականի եղբորորդի Պողոս վարդապետը, իսկ վարդապետարանի րաբունապետությունն ստանձնում է Վանականի ազգակիցը՝ Գրիգորիս վարդապետը: Վերջիններս չեն կարողանում նույն բարձրության վրա պահել դպրոցի հեղինակությունը: Աստիճանաբար նվազում է նաև գրչակենտրոնի գործունեությունը: Չնայած դրան՝ 17-րդ դարում երկրի մշակութային կյանքի վերելքին զուգահեռ Խորանաշատի վանքի հոգևոր ենթակայության տակ գտնվող որոշ բնակավայրերում սկսեցին ձեռագրեր ընդօրինակել: Դրանց գրիչները, ձեռագրերի գրչության վայրը արձանագրելուց զատ հարկ էին համարում շեշտել, որ գործել են Խորանաշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հովանու ներքո և հիշատակարաններում վանքն անվանում են «բարձրահամբաւ», «մեծահարկ գմբեթաձև», «հռչակաւոր սուրբ ուխտն Խորանաշատ»՝ անպայման հիշատակելով Վանական վարդապետին:

Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս