Ո՞ւմ հետ է ԱՄՆ-ը պատրաստ համագործակցել ԼՂ կարգավորման հարցում․ ԱՄՆ հակասական դիվանագիտական հայտարարությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման հարցի վերաբերյալ ԱՄՆ-ը հակասական հայտարարություններ է անում, իսկ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահին կամ ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին ուղարկում է Երևան:

Օրերս՝ հուլիսի 25-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի անունից տարածած հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմը վերահաստատել էր աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

Սրան հաջորդեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում նա նշել էր, թե Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման:

Կարդացեք նաև

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին»,- ասել է դեսպանը:

«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին»,- ընդգծել է Լին Թրեյսին: Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծել է՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

Թրեյսիի այս պնդումները հակասում էին Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրությանը Բլինքենի հեռախոսազրույցների մասին, որոնցում խոսվում էր երկկողմ աշխատանքի ու համախոհ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամության մասին, տպավորություն թողնելով, թե ԱՄՆ-ը այս փուլում աշխատում է միայն ԵՄ-ի հետ: Սակայն դեսպան Թրեյսին ըստ էության խոսեց այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնում են ակնկալում:

Սակայն ամերիկյան այս երկու անդրադարձերին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ու այդ ձևաչափի նկատմամբ ամերիկյան կողմի դիրքորոշման մասին: Պետքարտուղարության պատասխանի մեջ ասված է.

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել երկկողմ՝ ԵՄ-ի նման համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար»: Պետքարտուղարության այս արձագանքը ըստ էության համահունչ է Փաշինյան-Բլինքեն, Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության հետ, որոնցում ևս խոսք էր գնում երկկողմ համագործակցության և համախոհ գործընկերների մասին: Այս դեպքում, բնականաբար, ԱՄՆ-ը Ռուսաստանին չի համարում համախոհ գործընկեր, ավելին, վերջին մեկնաբանությունում ԱՄՆ-ը հստակեցրել է, որ համախոհ գործընկեր համարում է ԵՄ-ին:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հարցի շուրջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դիվանագիտական մայովրներ անում այն դեպքում, երբ ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումն առավել քան հասկանալի ու ակնհայտ է:

Ավելին՝ հայտնի է նաև, որ Ռուսաստանը ևս ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման ջատագովներից չի եղել՝ ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ, թերևս, ներկայումս: Եվ ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հարցի վերաբերյալ ռուսական դիվանագիտության կարծիքն էականորեն փոխվեց միայն փետրվարի 24-ից հետո, երբ ՌԴ-ն հատուկ ռազմական օպերացիա սկսեց Ուկրաինայում և որոշ ժամանակ անց հայտարարեց, որ Արևմուտքը հրաժարվում է Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Սակայն հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ամերիկյան այս արձագանքների ու ակտիվության ֆոնին նախօրեին Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

«Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում:

Ի դեպ, նախորդ շաբաթ Խովաևը Բաքվում էր:

Տեսանյութեր

Լրահոս