Հայցադիմումը, մեղմ ասած, իրավաչափ չէ. Փորձելու եմ  ներկայացնել ձեռքիս տակ եղած փաստերը. Մանվել Գրիգորյանի ժառանգների փաստաբան

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ։

Գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինի գույքի մասով նրա մերձավորների շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս վարույթի մասին շուրջ կես տարի առաջ է տեղեկացվել․

«Ներպետական օրենքը՝ կապված անշարժ գույքի բռնագանձման հետ, նախատեսում է որոշակի գործողություններ, և մինչև դատարան մտնելը օրենքի ուժով լիազոր մարմինը՝ ի դեմս Դատախազության, տեղեկացնում է, ինչը պատշաճ ձևով դատախազության կողմից կատարվել է, տեղեկացված եմ եղել։ Վարույթի մասին մոտավորապես կես տարի առաջ տեղեկացված եմ եղել․․․ Տեղյակ եմ, որ հայցադիմումն արդեն ներկայացվել է դատարան, այս պահի դրությամբ վարույթի որոշումը չունեմ»։

Ինչ վերաբերում է այս հայցապահանջին, Լևոն Բաղդասարյան նախ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի մահվանից հետո օրենքի ուժով քրեական գործը ենթակա էր կարճման, բայց իրենք չօգտվեցին այդ իրավունքից, ավելին՝ միջնորդեցին, որպեսզի դատարանը գործը շարունակի՝ արդարացման հիմքով։

Կարդացեք նաև

«Եթե մենք չդիմեինք, և գործը կարճվեր, Գրիգորյանի հարազատները վաղուց այդ գույքը կօտարեին, քանի որ առկա չէր և՛ ապօրինի գույքի հետ կապված վարույթը, և՛ քրեական գործ, որպես այդպիսին, չէր լինելու, ուստի արգելանքները դուրս էին գալու․․․

Գրիգորյանի մերձավորների կամքը, ցանկությունը հետևյալն է՝ եթե ապացուցվում է, որ այդ գույքը գեներալն ու իր ընտանիքի անդամներն անօրինական ձևով են ձեռք բերել, ապա միանշանակ իրավամբ թող դատարանն արդարադատություն իրականացնի, հայցը բավարարի։

Միևնույն ժամանակ, երբ կապացուցվի, որ հայցը անհիմն ու իրավազուրկ է, որը, ես ևս կարծում եմ՝ այդպիսին է, այդ դեպքում ևս արդարադատություն պետք է իրականացվի և հայցապահանջը մերժվի»:

Արձանագրեմ, որ դեռևս 2 տարի առաջ Գրիգորյանի ընտանիքի անդամներն ի զորու էին ժառանգությամբ վերցրած գույքն օտարել Մանվել Գրիգորյանի մահվանից հետո։ Դա չի արվել, այսօր էլ վերջիններս պատրաստ են արդարադատության առաջ կանգնելու, ինքս էլ փորձելու եմ արդեն ներկայացնել ձեռքիս տակ եղած համապատասխան փաստերը, որ ներկայացված հայցադիմումը, մեղմ ասած, իրավաչափ չէ։

Վարույթի որոշում դեռ չկա, ուղղակի իրազեկված ենք, որ լիազոր մարմնի՝ Դատախազության կողմից հայցը ներկայացված է դատարան, և կա դատավորի համապատասխան մակագրություն։

Տեսանյութեր

Լրահոս