«Հայ ժողովրդին սարքել են մանրադրամ և մտցնում են սրա կամ նրա գրպանը. մեկ  Ռուսաստանի, մեկ՝ Իրանի». Վազգեն Պետրոսյան

«Եթե Փաշինյանն այսօր վստահ լիներ, որ Սյունիքում որոշակի տարածքներ տա թուրքին, վաղն իրեն չեն գլխատի Երևանի կենտրոնում՝ վստահ եղեք, որ վայրկյան առաջ թուրքի պահանջածը կտար»,- 168.amի հետ զրույցում ասաց  թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։

Հուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպումից զատ, Թուրքիայի նախագահն առանձին հանդիպել  էր Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հետ, և Իրանի հոգևոր առաջնորդն իր տեսակետն էր հայտնել՝ Իրանը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։

«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,- ասել էր ԻԻՀ հոգևոր առաջնորդը։

Այս հանդիպումից երկու օր անց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել պետական «TRT» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, ընդգծել էր, որ վերջերս Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի  ընթացքում Թուրքիայի նախագահը ներկայացրել էր թուրքական կողմի տեսակետները.

Կարդացեք նաև

«Թուրքիան որպես մեծ պետություն՝ ավելի շատ ժեստեր է անում, և դա բնական է»:

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:

Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի դերի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Վազգեն Պետրոսյանն անդրադարձավ երկու թեմաներին էլ։

Նախ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հայտարարության  առնչությամբ ասաց, որ այն հայ իրականության մեջ մեկ ընդհանուր կոնտեքստ ուներ, այն, ինչ Թուրքիան ձեռք է բերել Սիրիայում, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանում, պետք է բավարարվեն  այդքանով և ավելին չպահանջեն։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կարող է պարզապես հիմք ընդունել ու բավարարվել  Իրանի Հոգևոր առաջնորդի այս հայտարարությամբ ու չդիմել դիվանագիտական  քայլերի, այդ դեպքում  Թուրքիան որևէ ոտնձգություն թույլ չի՞ տա Հայաստանի նկատմամբ, Վազգեն Պետրոսյանը պատասխանեց.

«Այս հարցը շատ պարզ պատասխան ունի՝ ամբողջ աշխարհի պատմությունը գրվում է ուժով։ Այն երկիրը, ժողովուրդը, որն իր հույսը դնում է իրենից ավելի ուժեղ հարևանի վրա, և ինքը որևէ բան չի անում, ապա այդ երկիրն ու ժողովուրդը մտնում է  «մեծերի» գրպանը՝ դառնալով նրանց գրպանում ուղղակի մանրադրամ։ Հետևաբար, այդ «մեծերը» տվյալ երկրի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Եթե ՀՀ այսօրվա իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի,  հայ ժողովրդին սարքել են մանրադրամ և մտցնում են սրա կամ նրա գրպանը և փորձում են երկրի խնդիրները մեկ՝ մտցնել Ռուսաստանի, մեկ՝ Իրանի գրպանը, դրանով դավաճանում են երկրին։ Եթե իշխանությունը կարծում է, որ իր երկրի համար ոչինչ չանելով, որևէ մեկը կգա ու կպաշտպանի հայությանը՝ սխալվում են։ Եղբայրն էլ եղբորը երբեք չի օգնի, եթե ազգակցական կապը չլինի, իսկ հարևանը հարևանին չի օգնի, եթե որոշակի շահ չունենա»,- նշեց Վազգեն Պետրոսյանը։

Ըստ թուրքագետի, եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է Սյունիքից որոշակի հատված տալ թուրքին, և դա հակասի իրանական կամ ռուսական շահին, կամ էլ, ենթադրաբար, Միացյալ Նահանգների շահերին, նույն վայրկյանին նրանք կհարվածեն թե Հայաստանին, և թե հայ ժողովրդին։

«Ի վերջո, պետք է հասկանան, որ մեր պետական շահերը պետք է վեր դասեն ամեն ինչից, եթե սա չգիտակցեն, որևէ պետություն ու պետության ղեկավար Հայաստանին չի հարգելու, մեզ հետ վարվելու են ճիշտ մանրադրամի նման»,- շեշտեց Վազգեն Պետրոսյանը։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի  հայտարարության առնչությամբ էլ քաղաքական վերլուծաբանն ասաց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունները Հայաստանի իշխանություններից որևէ բան չեն սպասում, ուղղակի իրենց կամքն են թելադրում, իսկ այսօրվա իշխանավորները ենթարկվում ու կատարում են։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այսօր վստահ լիներ, որ Սյունիքում որոշակի տարածքներ տա թուրքին, վաղն իրեն չեն գլխատի Երևանի կենտրոնում՝ վստահ եղեք, որ վայրկյան առաջ թուրքի պահանջածները կտար։ Նիկոլը հասկանում է, կամ իրեն հասկացրել են, որ այդ ամենը  հակասում է տարածաշրջանի երկրներից Իրանի, նաև Ռուսաստանի շահերին, դրա համար էլ հապաղում է։ Կրկնում եմ՝ Նիկոլի ձեռքին ճար լիներ՝ Սյունիքում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները վայրկյան առաջ կկատարեր։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ իսկապես Սյունիքում տարածքներ է  տալու, ո՞վ պետք է կռվի հայ ժողովրդի փոխարեն՝ ռո՞ւսը, չինացի՞ն, թե՞ հնդիկը։ Եթե մենք մեր շահերը չպաշտպանենք, ապա որևէ մեկը չի պաշտպանելու»,- ընդգծեց Վազգեն Պետրոսյանը։

Թուրքագետ վերլուծաբանը նաև նկատեց՝ այսօրվա ընդդիմությունը, հանձին Երկրորդ և Երրորդ նախագահների, կարող էին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, սակայն չարեցին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահը։

Տեսանյութեր

Լրահոս