Սիցիլիական մաֆիան և «ոստիկանը նիկոլ չի»-ն, կամ՝ ինչպես պատժել քաղաքացիներին խոշտանգող ոստիկաններին

Սիցիլիայում բնիկ ժողովրդին ավելի լավ է ամենավերջին հայհոյանքը տաս, քան ասես` «Ոստիկան». սրա մասին գիտեն բոլորը, բայց այս ավանդույթը Սիցիլիայում շատ լուրջ քաղաքական պատճառահետևանքային կապեր ունի: 1900-ականների սկզբին` անգամ մինչև Մուսոլինիի իշխանությունը, Իտալիայում ոստիկանների կողմից իշխանությունների ապօրինի հրամանները կատարելու պատճառով վերջիններիս նկատմամբ հանրային մեծ անվստահություն և ատելություն էր կուտակվում:

Մուսոլինիի իշխանության գալուց հետո իտալական ոստիկանությունը էլ ավելի ամբարտավան և իշխանահաճո դարձավ ու սկսեց ամենաբիրտ ձևով ստորացնել քաղաքացիներին` շարքային գյուղացիներից մինչև մեծ կալվածատերեր: Իտալացիների մեծամասնությունը համարում էր, որ «ոստիկանները ստիպված են բռնություններ գործադրել», «ոստիկանների մեջ շատ լավ ու ազնիվ մարդիկ կան», և, որ «ոստիկանը նիկոլ չի», բայց այդպես չէին մտածում սիցիլիացիները:

1900-ականների սկզբին հենց նման դաժանությունների և ամենաթողության դեմ պայքարի համար Սիցիլիայում սկիզբ առավ մարդկանց ինքնապաշտպանությունն իրականացնելու ինստիտուցիոնալիզացիա, և ստեղծվեց հայտնի «Իտալական մաֆիան»: Մարդիկ իշխանությունների և ոստիկանների ամբարտավանություններից` կեղեքվելուց, խոշտանգվելուց խուսափելու համար դիմում էին Մաֆիային, որոնց պարագլուխները «omerta»-ի օրենքի խիստ պահպանմամբ օգնում էին համազգեստավոր բորենիներից տուժածներին և վրեժ էին լուծում նրանց կրած զրկանքների համար:

Սիցիլիացիների հաջողված փորձը գնալով օրինակելի դարձավ, և շուտով Իտալիայի մյուս բնակավայրերի բնակիչների կողմից էլ Մաֆիան դարձավ այն ինստիտուտը, որից մարդիկ օգնություն էին ակնկալում: Իշխանությունների հրամանով մարդկանց խոշտանգած ոստիկանների ընտանիքի անդամներին սպանված էին գտնում, իսկ վերջում արդեն դաժանորեն սպանվում էր հենց ինքը` ապօրինություն գործած ոստիկանը: Ժամանակի ընթացքում իշխանության կամակատար ոստիկանները սկսեցին վախենալ ապօրինություններ գործելուց, իսկ Մուսոլինիի իշխանությունից հետո երկրի ոստիկանությունը սկսեց դանդաղ քայլերով օրինապաշտ դառնալ:

Փաստացի, իտալական Մաֆիան այդ ժամանակաշրջանում լուծեց իր ինստիտուցիոնալ խնդիրը, իսկ դրանից հետո, երբ արդեն դրա կարիքը չկար, դարձավ թմրավաճառության և հասարակաց տների բիզնեսով զբաղվող հանցավոր միավորում:

Հայաստանում իրավիճակը գրեթե նույնն է: Անցնող 25 տարիների ընթացքում ընդդիմությունը ցանկացած գնով անվանարկեց ոստիկանությանն ու «բիրտ ուժ կիրառող» դարձրեց: Իհարկե, դրան նպաստող բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ էլ կային, բայց ընդհանուր առմամբ` «բիրտ ու դաժան» ոստիկանությունը մեծ միֆ էր, որը հանգեցրեց տեռորիստական մի խմբակի կողմից 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելուն և անզեն ոստիկաններ սպանելուն:

Իսկ 2018 թվականին, երբ այդ նույն «բիրտ ուժ կիրառող» ոստիկանությունն անգամ մի պետական դավաճանի փողոցում «չսատկացրեց», բոլորը հասկացան, որ «ոստիկանը մերն է», բայց արդեն ուշ էր: 2018-ից սկսած` ոստիկանությունը դարձավ հոգեկան հիվանդի ձեռքի խաղալիքը, և ոստիկանության պահվածքը սկսեց արագորեն նմանվել Մուսոլինիի իշխանության ոստիկանությանը:

Վերջին 5 տարիներին Հայաստանի բոլոր ոստիկանապետերը մեկը մյուսի հետևից հանցագործություն են կատարել` ապօրինի հրամաններով քաղաքական հակառակորդներին «ասֆալտին փռել-նկարելով» և հետո ոստիկանական տեղամասից ազատ արձակելով: Վերջին ցույցերի ժամանակ ոստիկանությունն իրեն պահեց վերջին հանցագործի, կամ, եթե կուզեք, Մուսոլինիի ոստիկանության նման. բազմաթիվ մարդկանց դաժան ծեծի ենթարկելուց մինչև խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցների կիրառում: Ոստիկանական ծեծից անգամ չէին խուսափում տարեցները (տարեց մի տղամարդու թևը կոտրել էին, հետո իրենց ցուցումով հիվանդանոցում չէին արձանագրել կոտրվածքը), անչափահասները (մետրոյում անչափահասների ծեծը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից), կանայք (հատուկ միջոցներից մարմնական վնասվածք ստացած կանայք և աղջիկները):

Ոստիկանությունն իր վրա է վերցրել իշխանություններին ծառայող դահճի պարտականությունները և դրա համար վերջին շաբաթների ընթացքում ժողովրդի նկատմամբ ամենաաղաղակող և ամենաբիրտ ուժ կիրառած ոստիկանները պարգևատրվել կամ պաշտոնի բարձրացում են ստացել: Ոստիկանությունը համակարգային առումով թաղվել է դավաճանության և հայրենիք հանձնելու գերեզմանում, և այսօր, առավել քան երբեք, մեր երկրում մարդկանց ոստիկանական բռնություններից ու ամենաթողությունից պաշտպանելու խնդիր կա:

Եթե 20-րդ դարի սկզբին Իտալիայում ոստիկանական ապօրինություններից սովորական քաղաքացիներին պաշտպանելու համար ստեղծվեց իտալական Մաֆիան, ապա 21-րդ դարի Հայաստանում դրա համար կա քաղաքական ինստիտուտ` ընդդիմությունը: Սակայն, քանի դեռ ընդդիմությունն ասում է` «ոստիկանը նիկոլ չի»` հույս ունենալով, որ համակարգի լավ սպաները մի օր կգերակշռեն համակարգի ներսում գոյատևող բորենիներին, ապա մեր երկրում քաղաքացիներին նման բորենիներից պաշտպանելու համար բնական ճանապարհով ձևավորվելու են այլ ինստիտուտներ, իսկ դրա հետևանքները շատ ավելի վտանգավոր են լինելու, քան ընդդիմությանն իրենց կոմֆորտի զոնայից դուրս բերելն ու նկատել «elephant in the room»-ը (սենյակում փղին տեսնելը):

Մարդկանց խոշտանգած, դավաճանությունը սպասարկած յուրաքանչյուր սպա` ավագից ու սերժանտից մինչև ոստիկանապետ, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն, որ մեր սերունդների և մեզ համար էլ «ոստիկան» կոչվելն ամենախիստ հայհոյանքից առավել ծանր վիրավորանք չհամարվի:

Նարեկ Սամսոնյան

Տեսանյութեր

Լրահոս