Ինտրիգային ու խորհրդավոր այց․ ի՞նչ առաքելությամբ էր ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Երևանում
Նախօրեին Երևանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության այց հյուրընկալեց․ Հայաստանում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Նախ նշենք, որ այցն ամենայն հավանականությամբ արդեն ավարտվել է, սակայն պաշտոնապես շատ սուղ տեղեկատվություն տրամադրվեց այցի, դրա օրակարգի ու քննարկված հարցերի վերաբերյալ։
Ավելին, այցը նախապես հայտարարված չէր որևէ խողովակով, և միայն երեկ կեսօրին Sputnik Armenia-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Ուիլյամ Բըրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան և ունենալու է բարձր մակարդակի հանդիպումներ։
«Այս պահին պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից»,- հայտնել էր Sputnik Armenia-ն։
Ի դեպ, հատկանշական է, որ միայն այս լուրը, որ Բըրնսը ժամանել է ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստան, րոպեների ընթացքում տարածվեց և սկսեց լայնորեն քննարկվել տարածաշրջանային և հատկապես ռուսական, վրացական լրատվամիջոցներով ու փորձագիտական շրջանակներով։
Ժամեր անց նաև «Ազատություն» ռադիոկայականը հայտնեց, որ պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական բաժնից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ այս պահին տեղեկություն չունեն Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը՝ փաստորեն, չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Երևանում է։ Այս թեմայով տեղեկատվական վակուումը, գաղտնիության քողը մի իրավիճակում, երբ պաշտոնյան երկրում է և հանդիպումներ է ունենում, առնվազն անհասկանալի ու կասկածելի է դարձնում այցը և դրա օրակարգը։
Սակայն երեկ ավելի ուշ՝ երեկոյան, ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը 1-2 նախադասությամբ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: «Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,- ասված էր հաղորդագրությունում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: «Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,- ասված էր նրա գրառման մեջ։ Ի դեպ, այստեղ հիշեցնենք, որ հուլիսի 7-ին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում դիմավորել և հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում վստահություն էր հայտնել՝ այցի օրակարգն ամերիկյան է, հայկական կողմն օրակարգ չունի:
«Իսկ մեր տարածաշրջանում Գործակալության հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում՝ Ռուսաստանը և Մոսկվային Հարավային Կովկասից հանելը (ինչն այդքան էլ հեշտ չէ), (դրա համար էլ Իրանում կարծես հանգիստ են): Համարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը (ի դեպ, դրանով էլ կարելի է բացատրել, որ այցի մասին տեղեկությունները հանրայնացվեցին ռուսական ԶԼՄ-ով)»,- նշել էր Սարգսյանը։ Նա նաև հիշեցրել էր, որ սա ԿՀԳ տնօրենի առաջին հանդիպումը չէ Հայաստանի ղեկավարի հետ, դեռևս 1994թ. Հայաստանի նախագահն իր Վաշինգտոնի կեցավայրում ընդունել էր ԿՀԳ տնօրենին: «Այդ ժամանակ ԿՀԳ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով»,- նշել էր Սարգսյանը:
Վրացի միջազգայնագետ Գելա Վասաձեն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, երբ ԿՀՎ ղեկավարը նման ժամանակ այցելում է (եթե այցելում է) ՀԱՊԿ անդամ երկրի մայրաքաղաք, ինքը սկսում է փնտրել հարցի պատասխանը՝ ինչո՞ւ։
«Շատ պատասխաններ կարող են լինել, օրինակ՝ պայմանավորվել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ՝ Ռուսաստանին լրտեսելու համար։ Չնայած՝ ո՛չ, դա այդպես չի արվում: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատան արդյունավետության ստուգում (բարև իրանցիներին). Թեև նույնպես քիչ հավանական է, բայց չափազանց մեծ ֆիգուր է ինսպեկցիոն բնույթի ուղևորության համար: Ռուսաստանի կամ Ռուսաստանից ինչ-որ մեկի հետ բանակցությունների ալիք բացելը հնարավոր է՝ որպես տարբերակ: Սա այդպես՝ իմ ենթադրություններով»,- նշել էր նա։
Ռուսական շրջանակները ևս անտարբեր չեն, ավելին՝ չափազանց ուշադիր հետևել են Ուիլյամ Բըրնսի այցին Երևան, տարածված հաղորդագրություններին, հանգամանքին, որ այցը գաղտնի է պահվել, այցը չունի կարգավիճակ՝ պաշտոնական, աշխատանքային կամ այլ բնույթի, ինչպես նաև ունի ընդգծված միջազգային օրակարգ։ Իհարկե, նաև շատերին հետաքրքրում է՝ արդյոք Փաշինյանն իր ՀԱՊԿ գործընկեր Կրեմլին տեղեկացնելո՞ւ է, թե ինչ հարցեր են քննարկվել Ուիլյամ Բըրնսի այցի ընթացքում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Ռուսաստանում հասկանում են, որ Փաշինյանը փորձում է պատերազմի արդյունքները վերախաղարկել դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետաքրքրությունը ռեգիոնի նկատմամբ էապես աճել է։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, ըստ նրա՝ այլ հարց է։
Նրա խոսքով՝ արևմտյան ակտիվության ապացույցն է Միշելի հետևողական ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, որը հանգեցրեց այսօր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման։
«Չնայած միջազգային լայն օրակարգին, վստահաբար, իրանական և ռուսական թեմաներին զուգահեռ՝ ամերիկացի պաշտոնյայի այցի ընթացքում քննարկվել է հայ-թուրքական գործընթացը և սահմանազատման հարցը, որում ԱՄՆ-ը իր ծառայություններն է առաջարկել։ Վստահաբար, կապ ունի նաև այն հանգամանքը, որ Իրանն է ակտիվացել բոլոր գործընթացներում, Իրանի անվտանգային պաշտոնյան է այցեր սկսել հարավկովկասյան երկրներ, անցյալ շաբաթ Երևանում է եղել, Իրանում այս օրերին սպասվում են լրջագույն հանդիպումներ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի նախագահների միջև, միգուցե Աստանայի ձևաչափն ավելի ամրապնդվի, սրան, բնականաբար, հետևում են Նահանգներից։ Հայ-թուրքական գործընթացն իր հերթին՝ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար՝ կրկին ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության կոնտեքստում ևս։ Ինչպես տեսնում ենք, այս ամենին զուգահեռ՝ ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ ակտիվ է, ԱՄՆ նախագահ Բայդենը Մերձավոր Արևելքում է հանդիպումների լայն օրակարգով Ռուսաստանի դեմ քաղաքականության ամրապնդման շրջանակում, ռեգիոնները եռում են, վերադիրքավորվում։
Ռուսաստանին առանձին փոքր հարցերն ավելի քիչ են հետաքրքրում այս պահին, քանի որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և ավելի գլոբալ նպատակներ է հետապնդում, որից կախված կլինեն հետագա փոքրիկ հարցերը։ Մինչ այդ ԿՀՎ տնօրենները կարող են գալ ու գնալ։ Արձանագրենք, որ այսօր բոլոր արտաքին թեմաները դարձել են աշխարհաքաղաքական և միջազգային, քանի որ չափազանց ուժեղ աշխարհաքաղաքական գործընթացներ են, բայց ուղղությունը մեկն է՝ գեոպոլիտիկ պայքար ամենուր՝ մեծ և փոքր հարցերում»,- ասաց նա։