Կունենա՞ արդյոք ԲԴԽ-ն կին նախագահ

Գագիկ Ջհանգիրյանի պարտադրված հրաժարականից ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նոր ժ/պ-ի նշանակումից հետո, թվում է, թե հարցը լուծվեց, ու հիմա ԲԴԽ-ում հարաբերական անդորր է: Իրականում այս անդորրը կարող է լինել խաղաղություն փոթորկից առաջ:

Ըստ էության հիմա ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) են նշանակել Սերգեյ Չիչոյանին ու, ըստ ամենայնի, երաշխիքներ են տվել, որ նոր ընտրության գործընթաց չի նախաձեռնվի, քանի որ օրենքը հստակ ժամկետներ չի նշում, և ինքը մինչև իր՝ ԲԴԽ անդամության դադարեցումը, այսինքն՝ առաջիկա 9 ամիսներին, կպաշտոնավարի՝ որպես Խորհրդի նախագահ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Չիչոյանը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի չվերականգնվելու վերաբերյալ ԲԴԽ որոշման մասին հատուկ կարծիք է ներկայացրել, տպավորություն է ստեղծվում, որ նա փորձում է որպես ԲԴԽ նախագահի ժ/պ՝ անկախ դիրքավորվել:

Իրականում մեծ է հավանականությունը, որ ԲԴԽ երկու թափուր տեղերի համար երկու նոր պաշտոնատար անձ նշանակելուց հետո Սերգեյ Չիչոյանի համար անակնկալ կերպով կարող է նշանակվել ԲԴԽ նոր նախագահ:

Գործող գիտնական անդամները՝ Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը, ըստ էության ողջ այս գործընթացի մեջ էական մասնակցություն են ունեցել՝ որպես Ռուբեն Վարդազարյանի դեմ նախաձեռնված վարույթի համար կազմված հանձնախմբի անդամներ, և իշխանությունն ըստ ամենայնի զերծ կմնա նրանցից որևէ մեկին ԲԴԽ նախագահ նշանակելուց: Չի բացառվում, որ ԲԴԽ անդամներ կնշանակվեն միջազգային դոնորների կողմից ավելի ընկալելի, միգուցե քաղաքականապես ավելի չեզոք դիտարկվող, որևէ կողմի կամ թևի կամ ՀԿ-ի հետ չասոցիացվող երկու երիտասարդ անդամներ, որոնցից մեկը, հնարավոր է, կին լինի, որ հավասարակշռությունը պահպանեն, ով էլ կընտրվի ԲԴԽ նախագահ:

Այս պահին անգամ հավանական թեկնածուների անուններ կարելի է նշել՝ ԵՊՀ դասախոս, քրեական իրավունքի մասնագետ Աննա Մարգարյան, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Երեմյան, արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանց, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյան, այլ կին մասնագետների անուններ նույնպես կարող են դիտարկվել:

Շատ մեծ է հավանականությունը, որ Սերգեյ Չիչոյանին նույնպես կխնդրեն հրաժարականի դիմում ներկայացնել: Բնականաբար, Ստեփան Միքայելյանը նույնպես, ինչպես առաջին անգամ, այնպես էլ այս դեպքում կհրաժարվի ԲԴԽ-ն նախագահելուց:

Այս սցենարը բավականին կանխատեսելի ու հնարավոր է, եթե նկատի ունենանք՝ ինչ կատարվեց բանակի, ոստիկանության, մյուս կառույցների հետ: Քանի որ իշխանությունը մշտապես վախեր ունի, որ մեկը կարող է ընդվզել, և խնդիր, որ ամեն տեղ ունենա կառավարելի ու վերահսկելի ղեկավար, ուրեմն ինչո՞ւ չօգտվել վերը նկարագրված հնարավորությունից:

Իշխանության համար օրախնդիր է ամբողջովին հլու-հնազանդ, կամակատար ԲԴԽ ունենալը, իսկ այս կազմն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին կարող է անակնկալներ մատուցել. փաստ է, որ Ռուբեն Վարդազարյանին չեզոքացնելու օպերացիան այնքան էլ հարթ չընթացավ:

Կարող է տարօրինակ թվալ, բայց ԲԴԽ ներկայիս կազմի համար անցնցում պաշտոնավարելու երաշխիքը և թե օրենքի գերակայության, թե ԲԴԽ-ի, և թե իրավաբանության տեսանկյունից ճիշտ որոշումը կարող է լինել Ռուբեն Վարդազարյանի բողոքի անհապաղ դռնբաց քննությունը և նրան վերականգնելու որոշումը:

Այս դեպքում թեպետ Վարդազարյանը կվերականգնվի ԲԴԽ նախագահի պաշտոնում, բայց պաշտոնավարման կասեցումը կշարունակվի: Չիչոյանը կշարունակի պաշտոնավարել ԲԴԽ նախագահի ժ/պ-ի պաշտոնում, նոր ընտրություն չի կարող կատարվել, կլինի որոշակի կայունություն, դատական համակարգը կսկսի շնչել, կթուլանա համակարգի շուրջ լարվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս