
Fly One Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ

Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:
«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,-ասել է Անանյանը:
Նա վստահեցրել է, որ ուղևորների ավիացիոն անվտանգությունը ավիաընկերության անսակարկելի առաջնահերթությունն է, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դա մնա այդպիսին: Անանյանը միաժամանակ ավիաընկերության կողմից ներողամտություն է հայցել պատճառած անհարմարությունների համար:
Նա վստահեցրել է, որ անպայմանորեն կանեն հնարավորն ու անհնարինը, որ Fly One Armenia-ն դառնա հայ ժողովրդի ամենասիրելի թրենդներից մեկը: