Թող հիշեն իմ գործընկերները, որ Քրդատ նոր օրենսգիրքն ունիկալ փաստաթուղթ է. նրա գաղափարները սկսել են գործել շատ ավելի շուտ, քան այն ուժի մեջ է մտել. Ռուբեն Մելիքյան

«Նոր Քրդատ օրենսգիրքը կիրառող իրավակիրառը վստահաբար և, ցավոք սրտի, խնդիր ունենալու է: Մի բան է՝ գտնել իրավական խնդիրների արդարացի, հավասարակշռությունը պահպանող լուծումներ, մեկ այլ բան է՝ դրանք կիրառության մեջ դնել: Քրդատ նոր օրենսգիրքն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի, 2006թ. վերջին գործընթաց սկսվեց, հետո այն կասեցվեց, ապա վերսկսվեց: Ես աշխատանքային խմբի անդամ եմ եղել 2011-12թթ.-ից: Ամեն դեպքում նոր Քրդատ օրենսգրքի առաջին ավարտուն փաստաթուղթը պատրաստ էր և հանրությանը ներկայացվեց 2012թ. վերջին: Ես այդ ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ էի և իմ առաքելությունն էի համարում, որ գոնե մի ամբողջական փաստաթուղթ լիներ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Քրեական դատավարության» նոր օրենսգրքի համահեղինակ Ռուբեն Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ փաստաթուղթը շատ երկար ճանապարհ է անցել, ու հասկանում է իր գործընկերներին, որովհետև, ցավոք, արդեն ներկայիս իշխանությունները չկարողացան ապահովել, որ այն պատշաճ ձևով հրամցվի մեր հանրությանը:

«Օրենսգիրքն ընդունվեց 2021թ.: Դրանից հետո կարծեք թե շատ տեսանելի չէին, թե դրա կիրառման ուղղությամբ ինչ աշխատանքներ էին տարվում հենց իշխանությունների կողմից… Փաստն այն է, որ հոգեբանական առումով այսօր փաստաբանները, դատավորները, քննիչներն ու դատախազները մեծ սթրեսային վիճակում են: Պատճառներից մյուսն այն էր, որ օրենսգիրքը որոշակի լրացուցիչ լուծումներ էր ենթադրում, և դրանք չտրվեցին: Ես կանխատեսում եմ, որ ոչ շատ հեռու ապագայում՝ 1-2 ամսվա մեջ, բերելու են և որոշակի փոփոխություններ մտցնեն ու որոշակի դրական առաջընթաց ենթադրող լուծումներ վերացնեն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա ներկայացրեց նաև նոր Քրդատ օրենսգրքի՝ էական նշանակություն ունեցող լուծումները:

«Այսօր շատերը խոսում են նոր օրենսգրքի մասին և հաճախ՝ բացասական լույսի ներքո: Թող հիշեն իմ գործընկերները, որ այս օրենսգիրքն ունիկալ փաստաթուղթ է նրանով, որ նրա գաղափարները սկսել են գործել շատ ավելի շուտ, քան այն ուժի մեջ է մտել: Սահմանադրական դատարանն (ՍԴ) օդից չվերցրեց այն գաղափարը, որ եթե անձը կալանքի տակ է, և պահանջ կա, պետք է պարտադիր կողմերի մասնակցությամբ խափանման միջոցի հարց քննարկվի: Մեզ համար սա սովորական է, բայց ՍԴ-ն Քրդատ օրենսգրքի նախագծից վերցրեց այն գաղափարը, որ քննիչի կաբինետում խափանման միջոցի հարց չպետք է որոշվի»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ թե ՍԴ-ն, և թե ՎՃռաբեկ դատարանը այս 10 տարիների ընթացքում իրացրել են այն գաղափարները, որոնք դրված են եղել այս օրենսգրքի հիմքում:

Քրդատ օրենսգրքի համահեղինակը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նոր Քրդատ օրենսգրքով՝ հանցագործության մասին հաղորդումը համարվում է պատշաճ, եթե տրվում է գրավոր հաղորդում:

«Եթե դու ուզում ես, որ վարույթը սկսվի, ապա չես կարող բավարարվել հեռախոսազանգով կամ նամակ ուղարկելով: Եթե գնում ես բաժին ու հաղորդում ներկայացնում, դա արդեն պարտադիր պայման է, որ վարույթը սկսվի: Առանձին հիմք է նախատեսված քրեական վարույթի սկսման՝ ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը: Եթե մարդն իսկապես ուզում է, որ վարույթ սկսվի, մարդը պետք է ներկայանա ոստիկանություն կամ քննչական մարմին»,- ասաց Քրդատ օրենսգրքի համահեղինակը:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ նոր Քրդատով՝ ժամկետ է սահմանված նաև քրեական գործերի նախաքննության համար, երբ մարդը կալանքի տակ չէ, բայց այդ դրույթն ավելի ուշ ուժի մեջ կմտնի:

«Օրինակ՝ Գերասիմ Վարդանյանի հետ կապված քրեական գործը, որ հարուցվեց 2020թ. նոյեմբերի 9-ի դեպքերից հետո, երկար քնացրեցին, ապա վերակենդանացրեցին այն ժամանակ, երբ արդեն քաղաքական նպատակահարմարություն կա: Հիմա այդպես չեն կարող անել»,- ասաց նա:

Նորամուծություններից է նաև այն, որ անձի նկատմամբ կարող է կիրառվել մի քանի խափանման միջոց միաժամանակ՝ չբացակայելու արգելք, գրավ, երաշխավորություն:

«Կշեռքի մի նժարին կալանքն է, մյուս նժարին՝ մյուս խափանման միջոցները: Ավելի լավ չի՞ լինի, որ մարդու նկատմամբ միաժամանակ մի քանի խափանման միջոցներ կիրառեն, որ կալանքը մնա որպես խափանման ծայրահեղ միջոց»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս