«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես նիստի ծանուցագիր չեմ ստացել՝ ո՛չ ժամանակին, ո՛չ ուշացումով». Ռուբեն Վարդազարյանը հակադարձում է Գրիգոր Բեքմեզյանին

Հուլիսի 5-ին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի ժամանակ մերժվեցին վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանի երկու միջնորդությունները, որոնցից մեկը վերաբերում էր նիստը հետաձգելուն, և այն կայացավ առանց նրանց, ասաց, որ կայքում տեղադրված է իրենց որոշումը, և ցանկացած ոք կարող է կարդալ այն ու տեսնել՝ ինչու է ԲԴԽ-ն մերժել իրենց միջնորդությունները:

«Նույնիսկ Վարչական դատավարության օրենսգրքում ասվում է, որ ներկայացուցիչ ունենալը կողմին չի սահմանափակում իրեն ներկայացնելու՝ կողմի իրավունքը: Երբ որ մենք չունենք: Եթե մենք չունենք պարոն Վարդազարյանի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու, մենք շատ հանգիստ կարող ենք մեր նիստը շարունակել, մանավանդ, եթե, օրինակ, կան կասկածներ, որ դիտավորյալ ցանկանում են նիստը հետաձգել»,- ասել էր Գրիգոր Բեքմեզյանը:

Հարցին՝ ինչներին էր պետք նիստը հետաձգելը, ԲԴԽ անդամն ասել էր՝ չեմ կարող ասել, բայց եթե որոշումը կարդաք, այնտեղ որոշակի մտքեր այդ մասին կան:

«Երբ որ ժամանակին ծանուցագրերն ուղարկում ես, մեր կարծիքով՝ դժվարությամբ ծանուցագիրը հանձնում ես իրեն, տարբեր միջոցներով… Ծանուցագիրը դժվար է ստացվում… Կարող են լինել կասկածներ, որ կողմը, չարաշահելով Վարչական դատավարության օրենսգրքով իրեն տրված իրավունքը, փորձում է նիստը հետաձգել, ձգձգել»,- ասել էր Գրիգոր Բեքմեզյանը:

168.amԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց՝ ինչո՞ւ է ծանուցագիրը դժվարությամբ ստացել, ինչպե՞ս է եղել, որ, ինչպես Գրիգոր Բեքմեզյանը ակնարկեց, ԲԴԽ-ի ծանուցագիրը դժվարությամբ է հանձնվել իրեն:

«Գրիգոր Բեքմեզյանը ոչ թե ակնարկեց, այլ այդ միտքն ուղիղ տեքստով նման բան հնչեցրեց, որը շատ զարմանալի և նույնիսկ վիրավորական է, որովհետև ես ընդհանրապես ծանուցագիր չեմ ստացել: Եվ այդ պայմաններում, երբ ինքս հանդիսանալով դատավոր, շատ լավ հասկանում եմ, որ կարող է խնդիր լինել փոստում կամ առաքման հետ կապված, չեմ բարձրաձայնում, որ ծանուցագիր չեմ ստացել, ձևական կողմին չեմ անդրադարձել, այլ մամուլով ծանուցված լինելով, լիազորագիր եմ տվել, և փաստաբան եմ ներգրավել, շատ վիրավորական է, որ պարոն Բեքմեզյանը նշում է, որ դժվար եմ ծանուցվել: Խնդրում եմ՝ հաշվի առեք, որ ընդհանրապես չեմ ծանուցվել»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Նրա խոսքով՝ եթե մենք հարցում անենք և պահանջենք դատական գործի միջից այն ծանուցագիրը, որով ինքը ծանուցվել է նիստի օրվա և ժամի մասին, կտեսնենք, որ մեզ այն չեն կարող տրամադրել:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ծանուցագիր չեմ ստացել: Եվ այն պայմաններում, երբ կողմը ծանուցված չէ, նրանք բացակայությունը համարում են ոչ հարգելի կամ ինչ-որ որակումներ են տալիս իմ գործողություններին: Ինձ համար շատ զարմանալի է, որ մարդը, որ երբևիցե ոչ մի օր դատական նիստ չի վարել, նման խնդիր չի ունեցել, չի էլ պատկերացնում՝ ինչ է նշանակում դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ պատշաճ ծանուցում, իրեն թույլ է տալիս հեռուստատեսությամբ նման ամպագոռգոռ հայտարարություններ անել»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը:

Հարցին՝ իրենց տուն ծանուցագիր չե՞ն բերել, թե՞ ինքն անձամբ պետք է ստանար, չի ստացել, Ռուբեն Վարդազարյանն ասաց՝ նույնիսկ տան անդամները չեն վերցրել:

«Ընդհանրապես իրենք փոստով ծանուցագիր չեն ուղարկել: Ես ուշացումով էլ չեմ ստացել: Մեր փոստատարը պատկառելի տարիքի կին է, և որպեսզի առանց վերելակի 3-րդ հարկ չբարձրանա, ես ասել եմ՝ եթե առաքանի ունենք, զանգի, ես կամ երեխաներիցս մեկը իջնում, վերցնում եմ: Դա էլ չի եղել: Ընդհանրապես նիստի ծանուցագիր ես չեմ ստացել: Ու այս պայմաններում նման արտահայտություն անե՞լ… Չեմ ուզում վիրավորական արտահայտություններ անել, բայց սա առնվազն զարմանալի է»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս