Բաժիններ՝

Ողբերգական դեպք՝ Երևանում. 25-ամյա աղջկա հարազատներն ասում են. «Նրա մահվան մեջ մեղավոր է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը». ԲԿ-ն պարզաբանում է

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է, և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել, և դուրս են գրել։ Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամներն ասել են. «Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սրտացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ հուլիսի 6-ին, ժամը 20:25-ին, շտապօգնության բրիգադը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու, որը գանգատվել է ընդհանուր թուլությունից, որովայնի հատվածում դիսկոմֆորտի զգացումից, ցավից։ Համաձայն գանգատի՝ կատարվել են լաբորատոր ու գործիքային հետազոտությունները` արյան ընդհանուր քննություն, որովայնի օրգանների ու փոքր կոնքի սոնոգրաֆիա, զննել են նեղ մասնագետները` նյարդաբան, վիրաբույժ։ Քաղաքացին հոսպիտալացման ցուցում չի ունեցել: Կատարվել է ներերակային ինֆուզիա, ցավազրկում, որից հետո պացիենտի մոտ ցավն անցել է, հանգստացել է, բժիշկների հսկողության տակ է մնացել երեք ժամից ավելի, որից հետո իր ոտքով գնացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս