Բարոյականության նշաձողը՝ եղջերուների կերակրատաշտում
Համացանցը ողողված է եղջերուներին կերակրող Նիկոլ Փաշինյանի կադրերով։ Ոմանք հիանում են, ավելի շատերը՝ ծաղրում, երրորդները՝ ցասում են ապրում, առավել զգուշավորները տարակուսում են՝ հերթական ի՞նչ հակապետական քայլից կամ զիջումից է իր բուրժուական հանգստի կադրերով փորձում շեղել Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը։
Գուցե նա այդպիսով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն այնքան հումանիստ է ու այնպիսի փխրուն սիրտ ունի, որ հաճույք է ստանում կենդանիներին կերակրելիս: Բայց դա երևույթի շատ մակերեսային կողմն է։ Երազկոտ կենդանասերի՝ Նիկոլ Փաշինյանի կերպարի ենթատեքստային ուղերձն այն է, որ Հայաստանում կյանքն այնքան լավն է, ամեն ինչ այնքան ներդաշնակ է ու այնքան լուսավոր, որ ահա, երկրի ղեկավարը կերակրում է եղջերուներին, նրա կինն էլ գովազդում է, որ դա ոչ միայն արքայական հաճույք է, այլ հասու է բոլոր հպարտ, բայց միևնույն ժամանակ՝ երջանիկ քաղաքացիներին՝ ընդամենը 300 դրամով…
Այսինքն՝ իշխանությունը, որի մեղքով նաև երկրում շուրջ 5000 երիտասարդներ են զոհվել, 10.000-ից ավելի մարդիկ հաշմանդամ են դարձել, հազարավոր մարդիկ անտուն են դարձել, երկրի մի մասն օկուպացված է թշնամու կողմից, 300 դրամով քաղաքացիներին վաճառում է էլիտար զգալու ու երջանկանալու հաճույք…
Բայց այդ ուղերձն ունի ոչ միայն և ոչ այնքան էժանագին կոմերցիոն, այլ քաղաքական, բարոյական, ավելի ճիշտ՝ հակաբարոյական նպատակ։ Դրանով բթացվում է հանրության գիտակցությունը ու խեղվում է հանրային հոգեբանությունը, որովհետև այդ ուղերձն ասում է՝ եղածը եղած է, զոհվածը՝ զոհված, բայց դուք շարունակեք ապրել ու գինու և այլ փառատոների, խնջույքների մասնակցել, եղջերուներ կերակրել։
Խնդիրն այն չէ, որ հետպատերազմական երկրում կյանքը պետք է կանգ առնի, չլինեն ուրախություններ ու երջանկության առիթներ։ Ճիշտ հակառակը, կյանքը շարունակվում է, ու դրա լավագույն ու ամենագեղեցիկ դրսևորումն արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներում երեխաների ծնունդն է։ Բայց դա կյանքի միանգամայն այլ շարունակություն է, որի հիմքում ընկած է զոհվածների հիշատակի հավերժացումը։ Դա փաշինյանական քարոզչական շարունակության հետ որևէ աղերս չունեցող շարունակություն է, որովհետև վերջինի հիմքում ընկած է մոռացումն ու անհիշողություն երջանկությունը, որը կենդանական է իր բնույթով։
Երկրում, որտեղ պատերազմի ավարտից մեկուկես տարի անց դեռ կան անթաղ մարմիններ, պետության ղեկավարի նման վարքագիծը, ինչպես կասեր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն բարոյական չէ, այլև սխալ է։ Անբարոյական սխալ։ Ահա այդ երկրի ղեկավարը պետք է կերակրեր ոչ թե եղջերուներին, այլ ծեծեր բոլոր հնարավոր դռները՝ մինչև վերջին զոհի մասունքը գտնելն ու վերջին ռազմագերուն վերադարձնելը։ Դա, իհարկե, այնքան հաճելի զբաղմունք չէ, որքան կենդանիներ կերակրելը, բայց այդպիսով երկրի ղեկավարը գոնե կբավարարեր տարրական բարոյական պահանջը։
Բայց Հայաստանը զուգահեռ իրականությունների երկիր է, որում կան իրենց զոհված երեխայի մասունքները փնտրող քաղաքացիներ ու, միևնույն ժամանակ, եղջերու կերակրող ղեկավարներ։ Սա հիշողության ու մոռացումի պայքարի պետություն է, որում մոռացումն ու ուրացումը պետական քաղաքականության մակարդակի զբաղմունք է, իսկ հիշողության ու արժանապատվության պահպանումն ընկած է հասարակ մարդկանց ուսերին, որոնց իշխանությունն առաջարկում է մոռանալ ամենայնը և տրվել արքայական հաճույքների։
Ընդամենը 300 դրամով։
Հարություն ԱՎետիսյան