«ԵՄ դեսպանատունն ուզի թե չուզի, առանց Նիկոլ Հայաստան լինելո՛ւ է»․ Արամ Վարդևանյան
Ազգային ժողովի դիմաց այսօր առավոտյան մեկնարկած հավաքի մասնակիցները երթով շարժվեցին Հայաստանում ԵՄ դեսպանատուն։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ԵՄ գրասենյակ էին տանում նաև մի մեծ պաստառ, որում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էին՝ կողք կողքի նստած։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ չնայած սկանդալային ձայնագրությունը հրապարակվելուց հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց, սակայն ԵՄ դեսպանատունը մինչ օրս դիրքորոշում չի արտահայտել կատարվածի վերաբերյալ։
«Լա՛վ, համարենք, ԵՄ դեսպանը տեղյակ չէր ձայնագրության մասին կամ տեղյակ չէր, թե ինչ պատկերացումներ ունի արդարության, ժողովրդավարության մասին Գագիկ Ջհանգիրյանը։ Էն մարդը, որը 1.5 տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն էր, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդը։ ԵՄ դեսպանն ասելիք չունի՞, ԵՄ դեսպանը չի՞ ուզում ասի՝ սա էր իմ պատկերացրած ռեֆորմը, որովհետև հակառակ դեպքում՝ ինքը հավասարապես կիսում է Գագիկ Ջհանգիրյանի կատարած բոլոր արարքները»,- ասաց Վարդևանյանը։
Շարունակելոսվ խոսել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ընդդիմադիր պատգամավորը հռետորական հարց հնչեցրեց՝ ԵՄ դեսպանը չի՞ ուզում դիրքորոշում հայտնել նաև այս առնչությամբ․
«Մենք եկել ենք հստակ ասելու, որ ոնց Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց, մենք մեր առջև դրած նպատակներին հասնելու ենք, հա՛տ-հա՛տ։ Մեր պատկերացրած՝ առանց Նիկոլ Հայաստանը, ԵՄ դեսպանատունը ուզի թե չուզի, լինելո՛ւ ա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում