Բաժիններ՝

Սոբրինո դե Բոտին. Եվրոպայի ամենահին ռեստորանը, որը սիրում էր Հեմինգուեյը, և որտեղ երիտասարդ տարիներին աշխատում էր Գոյան

Եվրոպայում կան բազմաթիվ ռեստորաններ՝ դարավոր պատմությամբ, բայց նրանց մեջ ամենահինը համարվում է Sobrino de Botín-ը, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքի հենց սրտում:

Ռեստորանի պատմությունը սկսվել է դեռ 18-րդ դարում, երբ Մադրիդ հեռավոր պրովինցիայից ժամանեցին Բոտին ամուսինները: Ապրելով այստեղ երկու տարի՝ նրանք այդպես էլ չեն կարողանում բարելավել իրենց կյանքը և ստանալ լավ աշխատանք: Այդ ժամանակ Ժան Բոտինը, ով արհեստավարժ խոհարար էր, որոշում է սեփական գործ հիմնել: Ամուսինները շենք են վարձակալում, և դրա առաջին հարկում 1725 թվականին բացում են ոչ մեծ պանդոկ, որը կոչում են Casa Botín: Այդ ժամանակ պանդոկում հայտնվում է նաև մեծ վառարան, որն աշխատում է մինչ օրս:

Բոտին ամուսինների գործերը լավ են ընթանում, և շուտով փոքրիկ պանդոկը վերածվում է խորտկարանի:

Ամուսինների մահվանից հետո խորտկարանի անվանումը Casa Botín-ից փոխվում է Sobrino de Botín (Բոտինների բարեկամ), քանի որ այն որպես սեփականություն՝ անցնում է նրանց բարեկամ Կանդիդո Ռեմիսին:

Ասում են՝ այստեղ որոշ ժամանակ աշխատել է Ֆրանցիսկո Գոյան, երբ աղքատ էր և փողի կարիք ուներ:

20-րդ դարում ռեստորանի սեփականատերն է դառնում Գոնսալես ընտանիքը: Փաստորեն, բացվելով 1725 թվականին, այս ռեստորանը երբեք չի փակվել, և նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ կերակրում էին զինվորներին:

Շատ էր սիրում լինել Մադրիդում և այստեղ քիչ ժամանակ չէր անցկացնում Էռնեստ Հեմինգուեյը:

«Հրաշալի է զբոսնել Մադրիդում, նստել սրճարանում, որտեղ կարելի է օգտակար տեղեկություններ ստանալ, թե ով ում է պարտք, ով ում է խաբել և ինչու է ասել՝ «Համբուրիր իմ մի տեղը», և ով ումից երեխաներ ունի, ով ում հետ ինչի համար է ամուսնացել»:

Հեմինգուեյը սիրում էր «Բոտին» ռեստորանը և հաճախ էր այնտեղ լինում: Գրողն անմահացրել է ռեստորանն իր «Ֆիեստա» վեպում:

Այսօր Sobrino de Botín-ը համարվում է Մադրիդի ամենածաղկուն ռեստորանը: Եթե Դուք ցանկանում եք զգալ 18-րդ դարի շունչը, ավելի լավ է սեղան պատվիրեք ռեստորանի նկուղային հարկում:

Ըստ շեֆ-խոհարարի բառերի, երեք դար առաջ կառուցված վառարանն աշխատում է մինչ օրս, և դրանում կրակը երբեք չի մարում (դա անհրաժեշտ է որոշակի ջերմաստիճան պահպանելու համար):

Ռեստորանը մասնագիտացած է Կաստիլիայի խոհանոցում: Ամենասիրելի և պոպուլյար ուտեստները վառարանում պատրաստված կաթնակեր գոճին ու գառնուկն են: Ինչ վերաբերում է գինիներին, ապա դրանք այստեղ բազմազան են և հսկայական քանակությամբ, և յուրաքանչյուրն այստեղ կգտնի իրեն հարմար խմիչքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս