«Ֆիզիկա»-ից 20 միավոր ստացել է 25, «Հայոց պատմություն»-ից՝ 15 դիմորդ. նախնական արդյունքները հայտնի են
Հունիսի 21-ին Հանրապետության 25 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից։
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտնի են երկու առարկաների միանական քննությունների նախնական արդյունքները:
«Ֆիզիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1576 դիմորդ, քննությանը մասնակցել է 1524-ը, միջին միավորը եղել է 11.36, դրական միավորի շեմը չի հաղթահարել 412 դիմորդ կամ 27 տոկոսը:
18-20 միավոր հավաքել է 200 հոգի կամ մասնակիցների 13.1 տոկոսը, այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 87 դիմորդ, 19-19.75 միավոր հավաքել է՝ 88, և 20 միավոր հավաքել է 25 դիմորդ:
Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա «Ֆիզիկա»-ից քննություն է հանձնել 1311 հոգի, միջին միավորը եղել է 12.63, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 272 հոգի կամ 20.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 277 հոգի կամ 21.1 տոկոսը:
«Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1471 հոգի, քննությանը մասնակցել է 1439-ը, միջին միավորը եղել է 12.74, դրական միավորի շեմը չի հաղթահարել 274 հոգի կամ մասնակիցների 19 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 306 հոգի կամ 21.26 տոկոսը:
18-18.75 միավոր հավաքել է 136 հոգի, 19-19.75 միավոր՝ 155, և 20 միավոր՝ 15 դիմորդ:
2021 թվականի հետ համեմատելիս պատկերը հետևյալն է. «Հայոց պատմություն»-ից քննություն հանձնել է 1403 հոգի, միջին միավորը՝ 14.66, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 138 հոգի կամ դիմորդների 9.8 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 521 հոգի կամ 37.1 տոկոսը:
Ավելի վաղ ներկայացրել ենք նաև «Մաթեմատիկա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն», «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաներից միասնական քննությունների նախնական արդյունքները։
Անի Կարապետյան