Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, նրանց փոխարինելու են պայմանագրայինները

Հայաստանում մեկնարկել է 2022 թ. ամառային զորակոչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ առիթով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները:

Գնդապետ Սահակյանի խոսքով՝ դա ՀՀ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն է՝ որքան հնարավոր է՝ առաջնագծից հանել ժամկետային զինծառայողներին և նրանց փոխարեն մարտական հերթապահության ընդգրկել պայմանագրային զինծառայողների, և այդպիսի նախադեպեր արդեն կա 3-րդ բանակային կորպուսի և Արցախի պաշտպանության բանակի օրինակով:

Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հունիսի 28-ին, կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունը ՊՆ կենտրոնական հավաքակայան: Նորակոչիկներին առաջնագիծ ուղարկել-չուղարկելու հետ կապված հարցը այնտեղ ծագեց՝ նորակոչիկների վիճակահանության ժամանակ:

Լրագրողների հարցին՝ Արցախը ընդգրկվա՞ծ է վիճակահանության թմբուկներում, զորակոչի վիճակահանության հանձնաժողովի նախագահ, գնդապետ Սահակ Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայությունն իրականացնել պայմանագրային զինծառայողներով՝ հիմնականում Արցախի ռեսուրսներով:

«Մեր վերջին զորակոչը՝ 2020 թ. ամռան ժամկետային զինծառայողների զորակոչը, կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ներդրված է փաթեթը, դրա հիման վրա, հիմնականում Արցախի ռեսուրսից, պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները: Մենք այնտեղ չունենք այսպես ասած «ճեղքեր», որ չունենանք բավարար քանակի զորք ծառայությունն իրականացնելու համար», – պարզաբանեց գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Գնդապետ Սահակյանի խոսքով՝ դրա նպատակը հիմնականում ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է: Ըստ նրա՝ Զինված ուժերն այդպիսի փորձ ունեն նաև 3-րդ բանակային կորպուսում, որտեղ ժամկետայինների 90 տոկոսը մարտական հերթապահության չի ընդգրկվում:

«Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք: Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներով մարտական հերթապահություն չիրականացնենք հնարավորության սահմաններում: Օրինակը բերեցի՝ Պաշտպանության բանակում այլևս ժամկետայիններ չենք կիրառելու, 3-րդ բանակային կորպուսում ծառայության մեջ գտնվող ժամկետայինների 90 տոկոսը մարտական հերթապահության չի ընդգրկվում: Եվ աշխատելու ենք մնացած բոլոր զորամիավորումներում այդ փորձը կիրառել», – հավելեց զինվորականը:

Տեսանյութեր

Լրահոս