Այդ տատանումներն ուղիղ ազդեցություն չեն ունենում գնի և սակագնի գոյացման վրա. Վահե Դավթյան
Խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նաև վերջին շրջանում դրամի զգալի արժևորմանը, և դրանով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես հայտնել էր՝ եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով:
Փոխվարչապետը հավելել էր նաև, որ նշանակություն կունենա հանգամանքը, թե ինչքանով է պերմանենտ իրավիճակը, երբ գազի դիմաց հնարավոր է վճարել ոչ կոշտ արտարժույթով:
«Կարծում եմ՝ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»,- վստահեցրել էր նա:
Թեև գազի սակագնի հաշվարկում փոխարժեքը ևս դեր ունի, սակայն Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը հիշեցնում է, որ բնական գազի դիմաց Հայաստանը սկսել է վճարել ռուբլով:
«Եթե մենք սահմանին բնական գազը ձեռք բերեինք դոլարով, ապա, անշուշտ, այն նախադրյալներ կստեղծեր սակագների վերանայման համար, բայց վերջերս որոշում ընդունվեց բնական գազի դիմաց սահմանին վճարել ռուբլով, հետևաբար, այդ տատանումներն ուղիղ ազդեցություն չեն ունենում գնի և սակագնի գոյացման վրա:
2014-2015 թթ. երբ Հայաստանը նոր էր միացել ԵԱՏՄ-ին, Երևանն էր նախաձեռնել ռուբլով վճարելու գործընթացը, սակայն ՌԴ-ում դեռևս թարմ էին ռեցեսիայի վերքերը, և անհրաժեշտ էր դոլարների նոր հոսք ապահովել ռուսական տնտեսություն: Այսօր արդեն պահը հասունացել է. մենք ռուբլով ենք վճարում և պետք է հետևենք ռուբլի-դրամ հարաբերակցությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների վրա դոլարի փոխարժեքի տատանման հնարավոր ազդեցությանը՝ փորձագետը նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագների վրա մեծապես ազդում են գազի սակագները:
«Էլեկտրաէներգիայի շուրջ 42 տոկոսը գեներացվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք աշխատում են բնական գազով: Ինչ վերաբերում է մնացյալ բաղադրիչներին՝ ատոմային, հիդրո և կանաչ էներգետիկային, ապա դրանց սակագները սահմանվում են բացառապես ներքին կարգավորումներով ՀԿԾՀ կողմից, և այստեղ փոխարժեքի ուղիղ ազդեցություն ես չեմ տեսնում»,- հավելեց Վահե Դավթյանը: