Գազի սակագնի նվազեցման հարցին անդրադարձ կլինի. Մհեր Գրիգորյան
Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում դրամի զգալի արժևորմանը՝ հետաքրքրվեց.
«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկներում բավականին մեծ դեր ունի հենց փոխարժեքը»:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը, բնականաբար, հաշվարկներում պետք է մասնակից լինի:
«Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև. ես հասկանում Ձեր հարցը, որովհետև չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ՝ այո, սա արժևորված փոխարժեք է, և եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- մանրամասնեց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը հավելեց նաև, որ նշանակություն կունենա նաև հանգամանքը, թե ինչքանով է պերմանենտ այն իրավիճակը, երբ գազի դիմաց հնարավոր է վճարել ոչ կոշտ արտարժույթով:
«Կարծում եմ՝ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»,- եզրափակեց նա: