«Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին. առաջիկայում մենք դա կապացուցենք». Տիգրան Վարդանյան

«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:

Շատ քննարկվեց, թե ինչու Սերժ Սարգսյանը շարժման առաջնորդ հռչակեց Իշխան Սաղաթելյանին:

Շատերի համար անակնկալ էր այդ հայտարարությունը: Տիգրան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ օրինակ՝  դուք Իշխան Սաղաթելյանի՞ն եք համարում այս շարժման առաջնորդը, չէ՞ որ ի սկզբանե հայտարարվել էր, որ սա ապակենտրոն ցանցային պայքար է:

«Սերժ Սարգսյանի արած հայտարարության հետ միանշանակ համաձայն եմ: Իշխան Սաղաթելյանը, ինչպես ինքն է անձամբ հայտարարել, պատասխանատվություն է կրում և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների համար: Ճիշտ է՝ սխալ կլինի ամեն ինչ բարդել միայն Իշխան Սաղաթելյանի վրա, որովհետև ինչպես սկզբից նշեցինք, սա ապակենտրոն պայքար էր, և բոլորս էլ մեր չափաբաժնով պատասխանատվություն կրում ենք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Տիգրան Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով խաղալով՝ մեր հայրենիքը տանում են դեպի վերջնական կործանման»:

Նա ընդգծեց՝ ընդդիմադիր շարժումը ցույց է տվել, որ հանրության լայն շերտեր պատրաստ են ներգրավվել գործընթացում. «Ակնհայտ է, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը դեմ է կապիտուլյանտին: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներն արթնացել են և սկսում են սիրել իրենց հայրենիքն ավելի շատ, քան թե ատել նախկիններին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, և առաջիկայում մենք դա կապացուցենք՝ սրանց իշխանությունից հեռացնելով: Ուզում եմ մեր հայրենակիցները հստակ ֆիքսեն, որ սա միայն Փաշինյանին չի վերաբերում, իր խունտային էլ է վերաբերում, այն մարդկանց, ովքեր շատ թե քիչ ներգրավվածություն են ունեցել Արցախի 70 տոկոսից ավելիի հանձնման գործընթացին, այն մարդիկ, ովքեր պատճառ են հանդիսացել 5000 և ավելի տղաների զոհվելու, այն մարդիկ, ովքեր տղաների մասունքներն ու մարմինները դիահերձարանների նկուղներում էին պահում՝ պարկերի մեջ, այս սրիկաները բոլորը պատասխանատվություն են կրելու և հայտնվելու են բանտախցերում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս