«Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, ունենանք նաև մարզային կառույցներ». Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ավելի քան 40 օր տևած փողոցային շարժման ընթացքում ունեցած ձեռքբերումներին ու նաև բացթողումներին: Քաղաքական գործիչը նշեց, որ մինչև շարժումը սկսելն այնպիսի տպավորություն կար, որ ժողովուրդը կարծես համակերպվել է մտքի հետ, որ օրվա իշխանությունը երկիրը նոր կապիտուլյացիայի է տանում: Մինչև շարժումը տպավորություն կար, որ թե Հայաստանի, և թե Արցախի անվտանգության հարցերն առանձնապես չեն հետաքրքրում հանրության զգալի հատվածին, և կարծես համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ։
«Հայաստանից հնչում էր միայն պարտության և հարմարվողականության ձայն, և այս իրավիճակն արձանագրվել էր միջազգային հանրության կողմից։ Սակայն շարժման ընթացքում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու համար։ Նաև ժողովուրդը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ իշխանության վարած քաղաքականությունը մերժում է։
Մեր առջև խնդիր էինք դրել օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը շարունակում է չլուծված մնալ, դրա համար անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման ու մարտավարության նոր մոտեցումներ։ Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, ունենանք նաև մարզային կառույցներ, լինի ճյուղավորված։ Երկու օր առաջ մենք հայտարարել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու մասին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Պատասխանելով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած ձևակերպմանը վերաբերող հարցին, որով Իշխան Սաղաթելյանին ըստ էության ընդդիմության առաջնորդ համարեց, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ շարժումը սկսելու հենց առաջին օրվանից հայտարարել է, որ ինքը և՛ շարժման զինվորն է, և՛ առաջամարտիկը, և՛ պատասխանատուն, շարժման ելքի համար ունի քաղաքական ու անձնական պատասխանատվություն։
«Ցանկացած որոշում քննարկվել է մեր գործընկերների հետ, բայց այո, որոշումների վերջնական կայացման պատասխանատվությունը եղել է ինձ վրա։
Ինչ վերաբերում է հաջորդ որոշումներին, առաջնորդին կամ վարչապետի թեկնածուին, ապա ասել ենք, որ այն մարդիկ, որոնք գալու են և գալիս են հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու կամ ինչ-որ առաջնորդի համար։ Այս հրապարակի մարդիկ եկել են այն գաղափարի համար, որ կանխեն Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև պնդեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը շարունակում է մնալ իրենց գլխավոր օրակարգը, այդ գործիքակազմին օգոստոսին միանալու է ևս մեկը՝ պաշտոնանկության գործընթացը, որի համար անհրաժեշտ է երկու ուղղությամբ աշխատանք։ Պաշտոնանկության իրավական և քաղաքական հիմքերի ստեղծում, որն առկա է, և դրա հանրային՝ ժողովրդական գործուն պահանջի դրսևորում, և երկրորդը՝ վարչապետի թեկնածուի առաջադրում։
«Այս գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար և ամբողջական նյութեր կլինեն։ Այդ ժամանակ նաև օրենքն է պահանջում, երբ գնում ես պաշտոնանկության՝ իմպիչմենտի գործընթացով, պարտավոր ես ժողովրդի կողմից ներկայացնես պոզիտիվ, վստահություն վայելող թեկնածու։ Երբ մտնենք այդ օրակարգի մեջ, այն ժամանակ միասին նաև կքննարկենք վարչապետի թեկնածուի հարցը։ Այս պահին վարչապետի թեկնածուի վերաբերյալ որևէ քննարկում մեր մեջ տեղի չի ունեցել»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում