Կոմիտասի քառյակի համերգին ներկա են եղել Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ
Հունիսի 9-ին Ստամբուլի «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության (ՀՀ ՄՆ) հովանու ներքո տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ՀՀ ՄՆ-ի հիմնադրման 20-ամյակին։
Հայաստանից ժամանած Կոմիտասի անվան ազգային (լարային) քառյակի և տեղացի դաշնակահարների կատարմամբ հնչել են Կոմիտասի, Հարությունյանի, Միրզոյանի, Մասսնեի և Դեբյուսի ստեղծագործությունները։
Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը (ԳՔ), Կազմակերպության քարտուղարության պաշտոնյաներ, Ստամբուլում ԹՀ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավարը, Ստամբուլի ՏԻՄ-երի ղեկավարներ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ և մեծաթիվ այլ հյուրեր։
ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ վերականգնելով բազմադարյա պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց անկախության 30-ամյակը և չնայած բազում մարտահրավերներին՝ հնամյա մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված իր ինքնության, ստեղծագործական ձիրքի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը մշտապես ի ցույց է դնում արհավիրքներից վերականգնվելու և նոր կյանք կառուցելու կարողությունը։
Նա հավելել է, որ այս ամիս նշվող ՍԾՏՀ-ի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ վերահաստատում է իր հավատարմությունը ՍԾՏՀ նպատակներին ու սկզբունքներին և շարունակելու է իր ակտիվ ներդրումն ունենալ տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման գործում։
Միջոցառմանը ՀՀ ՄՆ-ի 20-ամյակի կապակցությամբ իր պատգամն էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ II-ը, խոսքով հանդես է եկան ՍԾՏՀԿ ԳՔ Լ. Կոմանեսկուն և միջոցառման հանձնախմբի համակարգող Ա. Գոչունյանը: