«Մեր նպատակն է հիմնավորել, որ Հայաստանում «անկլավ» գոյություն չունի». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ փաստաբաններ փաստաթղթեր, քարտեզներ են հավաքագրում, որպեսզի իրավական հիմքով ապացուցեն՝ Հայաստանում «անկլավներ» գոյություն չունեն։

168.am-ի հետ զրույցում խոսելով սկսած գործընթացի մասին, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ տիտանական աշխատանք են անում, սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ հսկայական աշխատանքներ պետք է իրականացնեն։

«Կան քարտեզներ, բայց դրանց իրավական հիմնավորումներ գտնելը բավականին դժվար է։ Այս պահին բազմաթիվ քարտեզներ ունենք, վերցրել ենք և՛ Ազգային գրադարանից, և՛ մասնավոր անձանցից։

Իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո շատ անհատներ իրենց նախաձեռնությամբ զանգահարել են մեզ և տրամադրել են իրենց ձեռքի տակ եղած քարտեզները, նաև շատ գիտնականներն են քարտեզներ տվել, այս պահին մոտ 3 տասնյակ քարտեզներ ունենք։ Սակայն շատ դժվար է գտնել իրավական հիմնավորումները, օրինակ, տեսեք՝ մի տարեթվով Զանգակատունը եղել է Հայաստանի քարտեզի մեջ, մեկ այլ քարտեզով եղել է՝ որպես «անկլավ»։ Հիմա մենք իրավական հիմնավորումների փուլում ենք, պետք է փաստերով հիմնավորենք, թե դրանք ինչպես են դարձել «անկլավ»»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի, փաստ է մեկ բան՝ այդ բոլոր «անկլավները» եղել են Հայաստանի տարածքում, դրանց վերաբերյալ մենք ունենք փաստաթղթեր, հակառակի վերաբերյալ փաստաթղթեր չենք կարողանում գտնել, որ դրանք իսկապես եղել են «անկլավներ»։

«Սա կարևոր է այնքանով, որ, եթե մենք կարողանանք հիմնավորել, որ հակառակի վերաբերյալ չկա որևէ փաստաթուղթ, և այդ պարագայում, եթե մեր իշխանությունը փորձի ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ հանձնել թշնամուն, ապա մենք այստեղ արդեն հայրենիքի պետական դավաճանության մասին պետք է խոսենք։

Մեր ամբողջ նպատակն «անկլավների» հանձնման կանխարգելումն է կամ առհասարակ դրանց քննարկումը բանակցային գործընթացում։ Կրկնում եմ՝ մեր նպատակն է հիմնավորել, որ Հայաստանում «անկլավ» գոյություն չունի։ Երբ լինի այդ հիմնավորումը, այդ փաստաթուղթը տարբեր լեզուներով ներկայացնելու ենք բազմաթիվ միջազգային կառույցների, փաստաթուղթը կլինի հրապարակային։ Ըստ իս, դրա աղմուկն ու արձագանքն այնքան մեծ կլինի, որ իսկապես կկանխարգելի որևէ դավաճան քայլ»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս