«Ընդդիմադիրներն իրենց կսպառեն, կընդունեն Փաշինյանի վարած քաղաքականությունը, եթե վերադառնան ԱԺ». Հովհաննես Ղազարյան

Արցախի համար կուրծք ծեծող և 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո է՛լ ավելի ընդգծված ձևով Արցախից հեռացած այս իշխանության պաշտոնավարումը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է՝ որպես պատմության ամոթալի էջ. ամոթալի, որովհետև գործ ունենք դարակազմիկ խաբեության հետ, երբ ժողովրդին իր երկրի անվտանգության հարցով խաբում է իշխանությունը: Հետևապես, բնական է, որ այդ խաբեության մեջ ապրել չցանկացող մարդիկ հանուն իրենց երկրի անվտանգության այսօր դուրս են եկել փողոց՝ պայքարելու և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգության համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ներհայաստանյան զարգացումներն այսպես մեկնաբանեց «5165» շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով.

«Եթե անգամ այս պայմաններում մարդիկ դուրս չեն գալիս փողոց ու չեն ընդվզում, դա արդեն նշանակում է, որ կանգնելու ենք մեր պետականությունը կորցնելու առաջ ու հայտնվենք թուրք-ադրբեջանական լծի տակ:

Ի դեպ, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե «թուրքական լուծ» ասվածը մեզ հիմա չի սպառնում, ապա պետք է ուշադիր նայեն ու տեսնեն Վրաստանի թրքացումն ու հիշեն՝ թուրքական լուծը կա, պարզապես հիմա մոդեռնիզացված է, և մենք բախվելու ենք մոդեռն թրքական լծին»։

Ղազարյանը վստահեցնում է՝ ընդդիմության պայքարը հանուն պետականության պահպանման է, և ոչ թե՝ թոշակ կամ աշխատավարձ բարձրացնելու, իսկ համազգային՝ նման որակի պայքարում, բնական է, որ միանգամից և արագ դժվար է արդյունքի հասնել, ուստի արագ արդյունք սպասողները պետք է հիշեն «եռացող գորտի» մասին հայտնի այլաբանությունը։

«Երբ գորտին գցում ես միանգամից տաք ջրի մեջ, դուրս է թռչում, բայց երբ աստիճանաբար ես ջուրը հասցնում եռման աստիճանի, գորտը սատկում է, հետևապես՝ ընդդիմությունը կամաց-կամաց է ճնշումը մեծացնում, որովհետև պատմական նշանակության իրադարձությունները արագ չեն լինում. դրանք կարող են տևել ընդհուպ տասնամյակներ»,- ասաց Ղազարյանը: Սյս ամենով հանդերձ՝ նա, միևնույն է, կարևորեց փողոցում պայքար ծավալող բոլոր ուժերի՝ սխալների ուղղումն ու պարբերաբար մարտավարությունների վերանայումն այն մարդկանց հետ, որոնք իրապես դեմ են այս իշխանություններին ու փորձում են կասեցնել ազգակործան գործընթացները։

«Պետք է նոր քաղաքական մշակույթ ձևավորել և նոր էջ բացել. կարծում եմ՝ այս պայքարի արդյունքում հենց նման մի բան պետք է ունենանք. պետք է ձևավորենք երկրում ստեղծված իրավիճակից բխող կառավարման համակարգ»,- ասաց Ղազարյանը՝ կարևորելով այս հարցում ինչպես Արցախի, այնպես էլ՝ սփյուռքի դերակատարումը։

«5165» շարժման համահիմնադրի կարծիքով՝ այլևս կենսունակ չէ նախկիններ-ներկաներ խոսույթը, երբ նախկինների անունը տալով՝ փողոց դուրս չեն գալիս, կամ էլ բացառում են նախկին իշխանությունների՝ քաղաքական գործընթացներում ընդգրկվելը, չնայած նրան, որ կա անցյալի նկատմամբ որոշակի վերաբերմունք: Ըստ նրա՝ արդեն հրամայական է դառնում ոչ թե նախկին ու ներկա բաժանումը, այլ մեկ միասնական հարցի շուրջ կոնսենսուսի ձևավորումը։

«Նախկինների մասին գնահատական տալիս ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ 3 նախագահներն էլ պայքարել են Արցախի համար, կանգնած են Արցախյան շարժման ակունքներում ու մեզ համար ապահովել են հաղթանակ, ու ազնիվ չեմ համարում սա չընդունելը. Ավելին, կարծում եմ՝ ով էլ լինի հաջորդ իշխանությունը, պետք է ձևավորել մի հարթակ, որտեղ կկարողանան ամփոփել 3 նախորդ նախագահների, ԱԳ նախարարների փորձն ու բանակցային գիտելիքներն ու օգտվել դրանցից, որովհետև ինչո՞վ էր Ալիևը նաև ուժեղ Նիկոլ Փաշինյանից, իհարկե՝ ինստիտուցիոնալ հիշողությամբ, ինչը չունի Փաշինյանը»,- ասաց Ղազարյանը՝ կարևորելով բոլոր իրական ընդդիմադիրների ներգրավումն արդեն 40 և ավելի օր ձգվող պայքարին, ու ավելի լայն համախմբման ապահովումը՝ ի հեճուկս իշխանության՝ այս շարժումը մաշեցնելու սպասման։

«Փաշինյանը փողոցից շատ է վախենում, դրա համար է նման ձևակերպումներ անում, բայց ակնհայտ է, որ այս գործընթացը յուրահատուկ է, չի մարում. մարդիկ ամեն օր ավելի վճռական են դառնում, նրանց ավելանում են նաև մեծ թվով սփյուռքից ժամանած քաղաքացիներ, ուստի փողոցում է այսօր գործընթացը գնում, և խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները, եթե ուղղակի առօրյա խորհրդարանական աշխատանքի համար վերադառնան խորհրդարան, դա կնշանակի, որ համաձայնում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի հետ՝ կապված թուրք-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ընդդիմությունն իրեն կսպառի, եթե վերադառնա Ազգային ժողով մշտական աշխատանքի, ուստի պետք չէ վերադառնալ ու պայքարը պետք է շարունակել փողոցում»,- ասաց Ղազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս